Երկրի գերագույն գլխավոր հրամանատարի լավագույն թեկնածուն Ս.Սարգսյանն է
15 Փետրվարի, 2008 00:00Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ՊՆ ռազմաավիացիոն ինստիտուտում անգլերեն լեզվի ուսուցման լսարանի բացման հանդիսավոր արարողությունից անմիջապես հետո ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին:
Նախարարն ընդգծեց, որ բազմիցս հայտարարել է, որ նախագահական ընտրություններում պաշտպանելու է վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը. «Յուրաքանչյուր զինվոր և սպա ինքը կորոշի, թե ում կտա իր ձայնը: Անձամբ ես քվեարկելու եմ Սերժ Սարգսյանի օգտին»: Նախարարը նշեց, որ ընտրում ենք ոչ միայն երկրի նախագահ, այլ, որ իր համար շատ կարևոր է, երկրի գերագույն գլխավոր հրամանատար, որն ունակ կլինի երկրի համար ծանրագույն պայմաններում պատասխանատու որոշումներ կայացնել` իր վրա վերցնելով զինված ուժերի կառավարումը: Իսկ պատերազմական դրության ժամանակ զինված ուժերի մեջ են մտնում երկրի բոլոր ուժային կառույցները` ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն: Նրա խոսքերով, գերագույն գլխավոր հրամանատարի ամենահարմար թեկնածուն ներկայիս վարչապետն է, որը ղեկավարել է այդ ոլորտները, գիտի աշխատանքը և լիովին տիրապետում է իրավիճակին: Նա նաև երկար տարիներ ղեկավարել է մեր երկրի պաշտպանության բնագավառը` բանակը և քաջածանոթ է պաշտպանական համակարգի, ինչպես նաև համապետական խնդիրներին:
Նախարարը նաև նշեց, որ իր համար անընդունելի են նախագահության մյուս թեկնածուների մոտեցումները՝ հայկական բանակի թվաքանակի կրճատման, մասնագիտական համակարգին անցում կատարելու, ինչպես նաև արտաքին քաղաքական հարցերի` մասնավորապես Ադրբեջանի և Թուրքիայի հետ սերտ բարեկամական կապեր հաստատելու, նկատմամբ նրանց դիրքորոշման կապակցությամբ.«Նրանք պարզապես չեն տիրապետում իրավիճակին։ Հայկական բանակի ներկայիս թվաքանակն ամենաօպտիմալն է։ Եթե իջնենք այս մակարդակից, ապա լուրջ խնդիրների կբախվենք: Իսկ բարեկամական հարաբերություններ պետք է հաստատել, բայց ինչ գնով: Իհարկե, ոչ ի վնաս ԼՂՀ հարցի կարգավորման և կամ Թուրքիայի կողմից կատարված ցեղասպանության փաստարկման: Այս գինն անընդունելի է ոչ միայն իմ, այլև հազարավոր զոհված ազատամարտիկների ընտանիքների և հաշմանդամների համար, որոնք արյուն թափեցին»:
Վերջում նախարարը հավելեց, որ սա, իհարկե, իր անձնական կարծիքն է, և, որ ՀՀ զինված ուժերը քաղաքականությունից դուրս են: