Մ.Հարությունյանը հայտարարում է
23 Փետրվարի, 2008 00:00ՙՀաղթանակ՚ զբոսայգում տեղի ունեցած արարողությունից անմիջապես հետո ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին այսօր Հայաստանում ընթացող քաղաքական խմորումներին:
Նախարարը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտարարեց, որ ոչ ոքի չի հաջողվի բանակը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ` հավելելով նաև, որ տարածված լուրերն այն մասին, թե ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ, գեներալ-լեյտենանտ Մ.Գրիգորյանը և գեներալ-լեյտենանտ Գ.Մելքոնյանը սատարում են ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին, չեն համապատասխանում իրականությանը. ՙԱյդ լուրերը կեղծ են, իսկ պաշտպանության նախարարի բոլոր տեղակալները զբաղված են իրենց ծառայողական պարտականությունների կատարմամբ: Ես կոչ եմ անում բոլորին` զերծ մնալ նման սադրիչ հայտարարություններից:
Բանակը չի զբաղվում քաղաքականությամբ և կատարում է իր առջև դրված խնդիրներն ու առաջադրանքները: Մենք ունենք գերագույն գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարար, որոնց հրամանները գործում են բոլորի համար` զինվորից մինչև հրամանատար, գեներալ, մինչև նախարարի տեղակալներ: Այնպես որ, մի հավատացեք նման հայտարարությունների, որոնք, միգուցե, ընդդիմության ցանկությունն են, որը չի իրականանա՚:
Նախարարը նշում է նաև, որ նման հայտարարությունների համար բոլորը պետք է պատասխան տան օրենքի առջև, քանի որ ոչ ոք իրավունք չունի արհամարհել ՀՀ սահմանադրությունն ու օրենքները. ՙՆման սադրիչ հայտարարություններն արդեն հերքվել են զինված ուժերի ղեկավար կազմի կողմից` ի դեմս պաշտպանության նախարարի, նրա տեղակալների և գլխավոր շտաբի պետի՚: