Մ.Հարությունյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ռազմական կցորդին
4 Մարտի, 2008 00:00Ս.թ. մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Օլեգ Դեմիդովին` վերջինիս` Հայաստանում պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ, ինչպես նաև ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, առաջին կարգի կապիտան Ալեքսանդր Ֆրոլովին:
Մ.Հարությունյանը շնորհակալություն հայտնեց գնդապետ Օ.Դեմիդովին` հայ-ռուսական ռազմական համագործակցության բնագավառում արդյունավետ աշխատանքի համար և հաջողություն մաղթեց նրան հետագա առաքելություններում: Ինչպես նաև շնորհավորեց նորանշանակ ռազմական կցորդին` հույս հայտնելով, որ երկուստեք ռազմական համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի վերջինիս պաշտոնավարման ընթացքում և հաջողություն մաղթեց նրան` կրկին Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնելու գործում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ռազմական բնագավառում երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և դրանք առավել խորացնելու հեռանկարներին առնչվող հարցեր:
Նույն օրը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, առաջին կարգի կապիտան Ալ. Ֆրոլովը ներկայացվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Ս.Օհանյանին: Ս.Օհանյանը ևս շնորհակալություն հայտնեց նախկին ռազմական կցորդ, գնդապետ Օ.Դեմիդովին` արդյունավետ համագործակցության համար և հաջողություն մաղթեց նրան հետագա առաքելություններում: