ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Ս.Օհանյանի մամլո ասուլիսը ԶԼՄ ներկայացուցիչների հետ
4 Մարտի, 2008 00:00Ս.թ մարտի 4-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում տեղի ունեցավ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Ս.Օհանյանի մամլո ասուլիսը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Ս.Օհանյանն իր խոսքում մասնավորապես ասաց.
«Ինչպես գիտեք, ՀՀ Նախագահի ս.թ. մարտի 1-ի «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրով վերջինիս իրավական ռեժիմի ապահովումը վերապահվել է ՀՀ Կառավարությանն առընթեր ոստիկանությանը և ՀՀ պաշտպանության նախարարությանը: Արտակարգ դրության պայմաններում սա իմ առաջին հանդիպումն է լրագրողների հետ և տեղեկացնում եմ ձեզ, որ առաջիկայում այդ հանդիպումները պարբերական բնույթ են կրելու, որոնց նպատակն է իրավիճակի վերաբերյալ հնարավորինս սպառիչ տեղեկատվություն տրամադրել լրատվամիջոցներին և հասարակությանը, ինչպես նաև պարզաբանումներ տալ այս օրերին շրջանառվող լուրերի կապակցությամբ»:
Ս.Օհանյանը նշեց, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների հետ համատեղ իրականացնում են միջոցառումներ արտակարգ դրության պահանջների շրջանակներում. «Այս պարագայում զինված ուժերի հիմնական խնդիրն, առաջին հերթին, մայրաքաղաքի հատուկ կարևորություն ունեցող օբյեկտների պահպանությունն է, ինչպես նաև սահամանադրական կարգի պահպանման ուղղությամբ հնարավորության և անհրաժեշտության դեպքում ոստիկանությանն աջակցելը»:
Նա հերքեց շրջանառվող լուրերն այն մասին, թե իբր զինված ուժերի ստորաբաժանումներն իրականացնում են խուզարկություններ. «Այդ աշխատանքը ոստիկանությունն է կատարում, իսկ զինված ուժերն աջակցում են նրանց` կայունության ապահովման համար»:
Գեներալ-գնդապետ Ս.Օհանյանն իր երախտագիտությունը հայտնեց Երևան քաղաքի բնակիչներին` արտակարգ դրության պայմաններին ըմբռնումով մոտենալու և հանդուրժողականության համար, նշելով, որ զինված ուժերն ու ոստիկանությունն այսօր լիովին վերահսկում են իրադրությունը մայրաքաղաքում. «Ուժային կառույցները նման իրավիճակներում պետք է ժողովրդի հետ ձգտեն այն բանին, որ մայրաքաղաքում չլինեն սադրանքներ: Բանակը երախտապարտ է, որ ժողովուրդն իր որդիներին վերաբերում է հոգատարությամբ: Այս օրերին եղել են նաև դեպքեր, երբ կանայք, աղջիկները ծաղիկներ են նվիրել մեր զինվորներին»:
Ս.Օհանյանը նաև իր ցավակցությունը հայտնեց զանգվածային անկարգությունների ընթացքում բոլոր զոհվածների ընտանիքներին և նշեց, որ զինված ուժերը կանեն ամեն ինչ` մայրաքաղաքում կայունությունն ապահովելու ուղղությամբ. «Կուզենայի նորից դիմել մեր ժողովրդին, որպեսզի մեր խնդրանքը և մեր պահանջներն իրականացվեն այնպես, ինչպես նշված է ՀՀ Նախագահի հրամանագրում»: Նրա խոսքերով, մայրաքաղաք տեղափոխված ստորաբաժանումները պահեստային զորամասերից են, ունեն համապատասխան շարժունակություն և կարող են խնդիրներ լուծել հանրապետության տարբեր հատվածներում: Նա հավաստիացրեց, որ առաջին գծի բոլոր զորամիավորումներն իրենց տեղում են և պատրաստ են վերահսկել իրադրությունը. «Արտակարգ դրության պայմաններում համապատասխան աշխատանքներ են տարվում հետագայում նման հավաքները կանխարգելելու համար: Ի դեպ, զանգվածային անկարգությունների ժամանակ բանակն անմիջական մասնակցություն չի ունեցել և ոչ մի զինվոր չի տուժել. բանակը կրակելու է միայն նրանց վրա, ովքեր կկրակեն բանակի վրա: Զինված ուժերի տրամադրության տակ գտնվող զենքն ու հանդերձանքն ամբողջությամբ տեղում է. որևէ կորուստ չի եղել. մենք ի վիճակի ենք այս քսան օրվա ընթացքում ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի կայունությունը հետագայում հաստատուն լինի»: Ս.Օհանյանի հավաստմամբ, ՀՀ զինված ուժերն արտակարգ դրության պայմաններում ապրում են իրենց բնականոն կյանքով. հիմնական ուշադրությունն ուղղված է մարտական պատրաստության պլանային միջոցառումների և դաստիարակչական աշխատանքների իրականացմանը: Ինչպես նաև հետևողական աշխատանք է տարվում բանակի համակողմանի ապահովման խնդիրները ժամանակին լուծելու ուղղությամբ. «Մեր հիմնական խնդիրը եղել և մնում է մարտական հերթապահության իրականացումը, սահմանների պաշտպանությունը: Իսկ սահմանագծում վիճակը կայուն է»:
Իսկ ՀՀ զինված ուժերի գեներալների վերաբերյալ շրջանառվող լուրերի առնչությամբ Ս.Օհանյանն ասաց. «Բանակում ծառայող բոլոր գեներալներն իրենց խնդիրների կատարման շրջանակներում են. մասնավորապես, պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը գտնվում է արձակուրդում, իսկ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Գուրգեն Մելքոնյանը հիվանդության պատճառով գտնվում է հոսպիտալում և վաղվանից անցնելու է իր ծառայողական պարտականությունների կատարմանը»:
Լրագրողի այն հարցին, թե ինչպես է Ս.Օհանյանը գնահատում որոշ պատգամավորների ձերբակալությունը, նա նշեց, որ ցանկացած անձ պետք է ենթարկվի երկրի ներսում գործող օրենքներին. «Եթե նրանք կատարել են հանցագործություն, պետք է պատասխան տան և, ի վերջո, պետք է ստուգել բոլորն են կռված, թե ոչ: Նույն Մյասնիկ Մալխասյանին ես երբևիցե մարտի դաշտում չեմ տեսել»: Ս.Օհանյանը լրագրողներին մանրամասնեց նաև, որ զինված ուժերի որոշ գեներալներ և գնդապետներ, ի դեմս իրեն, կասեցրել են իրենց անդամակցությունը Երկրապահ Կամավորականների Մությանը, որովհետև քաղաքական ընդդիմադիր ուժերը փորձում էին ԵԿՄ ներքաշել քաղաքական հակամարտության մեջ, իսկ ԵԿՄ ղեկավարությունը որևէ որոշում չէր կայացնում այդ ուղղությամբ:
Ասուլիսի ավարտին գեներալ-գնդապետ Ս.Օհանյանը նշեց նաև, որ վերջին օրերին Ադրբեջանի հետ սահմանի որոշ հատվածներում լարվածություն կա. կրկնակի ավելացել է կրակոցների թիվը շփման գծում. «Այս օրերին ադրբեջանական զորամիավորումներում իրականացվում են հրամանատարաշտաբային զորավարժություններ, սակայն չեմ կարծում, որ դա կապված է Հայաստանի ներքաղաքական իրադրության հետ. դրանք պլանով նախատեսված միջոցառումներ են»: