ՀՀ Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ճեպազրույցը
7 Մարտի, 2008 00:00Հայաստանի ներքաղաքական զարգացումների և Ադրբեջանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շփման գծում վերջերս սրված իրադրության վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով ս.թ. մարտի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ճեպազրույցի էր հրավիրել Հայաստանում հավատարմագրված այն ռազմական կցորդներին ու դեսպանությունների ներկայացուցիչներին, որոնց նստավայրը Երևանն է:
Միքայել Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին հրավերն ընդունելու համար և իր ներածական խոսքում մանրամասնորեն անդրադարձավ խնդրո առարկա թեմաներին: Նախարարը համոզմունք հայտնեց, որ հնչող տեղեկատվությունը հնարավորություն կընձեռի ամբողջական պատկերացում կազմել ներքին և արտաքին մարտահրավերների լրջության աստիճանի մասին` արձանագրելով, որ դրանք կանխելու, իրավիճակը վերահսկելու և երկրում, ինչպես նաև սահմանագծում կայունությունն ապահովելու ուղղությամբ հայկական զինված ուժերի կողմից ձեռնարկվել են համարժեք քայլեր: Պաշտպանության նախարարը կայունության շուտափույթ հաստատումը հիմնավորեց նաև տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ապահովման կարևորության տեսանկյունից:
Ռազմական կցորդները շնորհակալություն հայտնեցին նախարարի սպառիչ փաստարկների համար և հաստատեցին, որ տեղեկատվությունը լիովին արտացոլում է այն իրավիճակը, որի վերաբերյալ իրենք արդեն իսկ իրազեկված էին: Նկատենք, որ նման տեսակետ արտահայտեցին նաև ականատես ռազմական կցորդները:
Հնչեցին հարցեր, որոնք մասնավորապես վերաբերում էին հայտարարված Արտակարգ դրության ժամկետների հնարավոր փոփոխմանը, հասարակական կարգի պահպանությունում ներգրավված զինված ուժերի ստորաբաժանումների` նման պայմաններում գործելու հատուկ պատրաստվածությանը: Ռազմական դիվանագետները հույս հայտնեցին, որ Հայաստանը հնարավորինս արագ կհաղթահարի ճգնաժամային իրավիճակը, և կյանքը երկրում կընթանա իր բնականոն հունով: