Մ.Հարությունյանը շրջայց կատարեց զորամասերում
21 Մարտի, 2008 00:00Ս.թ. մարտի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը` մի շարք բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ այցելեց ՀՀ զինված ուժերի այն զորամասեր, որտեղ արտակարգ իրադրության օրերին տեղակայված էին պարեկային հերթապահություն և պահակային ծառայություն իրականացնող ստորաբաժանումները:
Շրջայցի ընթացքում պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց զինծառայողներին` ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար: Զինծառայողների հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ ազգային բանակի առջև դրված հիմնական խնդիրը պետության և ժողովրդի շահերի պաշտպանությունն է:
Մ.Հարությունյանի ուշադրության կենտրոնում էին նաև սպայական և շարքային անձնակազմին հատկացվող սննդի որակն ու սահմանված չափաբաժինները, զորանոցային պայմանները, անձնակազմի բարոյա-հոգեբանական վիճակը:
Օգտվելով առիթից` պաշտպանության նախարարը վերոնշյալ ստորաբաժանումներում անցկացրեց շարային ստուգատես, որի ընթացքում որոշակի հանձնարարականներ տվեց թիկունքային ապահովման համար պատասխանատու բարձրաստիճան սպաներին` խնդիր դնելով անձնակազմին ապահովել միատեսակ հանդերձանքով: Նախարարը նաև շեշտեց, որ ի հայտ եկած թերությունների վերացմանն ուղղված քայլերը քննության կառնվեն մոտ օրերս անցկացվելիք հերթական շարային ստուգատեսի ժամանակ: