Ս.Օհանյանը հարգանքի տուրք մատուցեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին
25 Ապրիլի, 2008 00:00Ս.թ. ապրիլի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց Ծիծեռնակաբերդ հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 1915թ. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Հանդիսավոր արարողությունից հետո Ս.Օհանյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
- Պարոն նախարար, ի՞նչ պետք է անենք, որ ցեղասպանությունը միջազգային ճանաչում ստանա:
- Նախ և առաջ այս օրը պետք է բոլորիս համար հիշատակի օր լինելուց բացի նաև դաս լինի, որպեսզի հետագայում մեր երկրի, մեր ժողովրդի զարգացումն ապահովենք ոչ միայն քայլերով, այլև մտածված, ծրագրված թռիչքներով: Կարծում եմ, որ այն ինչ կատարվում է ցեղասպանության ճանաչման ուղղությամբ մեր երկրի, մեր պետության համապատասխան գերատեսչությունների կողմից, ապացուցում է, որ առաջընթաց կա այս գործում և, իհարկե, պետք է շարունակենք այդ աշխատանքները:
-Պարոն նախարար, մեր քաղաքական իրողությունները նորից կարծես հնարավոր էին դարձնում մեր ազգին այդ փորձություններին տանելը: Ի՞նչ պետք է անել այսօր, որպեսզի դրանք չկրկնվեն:
- Ինչպես արդեն նշեցի, այս օրը մեզ դաս պետք է լինի, որից պետք է քաղենք այն, ինչ անհրաժեշտ է հետագայում մեր պետության, մեր ժողովրդի զարգացումն ապահովելու համար, և ամեն ինչ պետք է արվի, որ մեր երկիրը, մեր ժողովուրդը լինի պաշտպանված, իսկ դրա համար պետք են ծրագրված քայլեր, և կարծում եմ, որ մեր պատմության այս ժամանակահատվածը կարելի է կարևորել հատկապես նրանով, որ մենք, ի տարբերություն մյուս ժամանակահատվածների, արել ենք մեր հնարավորությունների առավելագույնը` հետագա սպառնալիքներից մեր երկրի, մեր ժողովրդի պաշտպանությունը կազմակերպելու համար:
- Պարոն նախարար, ասում են, որ հիմա ներքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մեր դիրքերն այդքան էլ լավ չեն: Դուք կիսու՞մ եք այդ կարծիքը:
- Ղարաբաղյան կարգավորման գործընթացն ընթանում է պլանավորված: Իսկ ներքաղաքական այս իրավիճակն, իհարկե, կարծում եմ միանշանակ ազդել է մեր երկրի վարկանիշի վրա:
- Պարոն Օհանյան, Ս.Բաբայանը, մեր ռադիոկայանին տված հարցազրույցում, կարծիք հայտնեց, որ առաջիկայում պատերազմ է լինելու: Դուք համամի՞տ եք:
- Ես մի գերատեսչության ղեկավար եմ, որը պետք է միշտ պատրաստ լինի պատերազմին, նաև նրա համար, որպեսզի պատերազմ չլինի:
- Պարոն նախարար, իսկ տեսնո՞ւմ եք այդպիսի հնարավորություն:
- Մենք միշտ պետք է պատրաստ լինենք մարտական գործողությունների, որովհետև այսօր ուժերի հարաբերականությունը և ոչ պատերազմ-ոչ խաղաղություն այս իրավիճակը պահպանում ենք մեր բանակում որակական փոփոխությունների շնորհիվ, և, կարծում եմ, ամեն ինչ պետք է անենք` այդ ամենին պատրաստ լինելու համար: