Հունգարիայի պաշտպանության նախարարության պետքարտուղար Ագնեշ Վադայի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Երևան
26 Ապրիլի, 2008 00:00Ս.թ. ապրիլի 24-ին տարածաշրջանային եռօրյա այցով Երևան ժամանեց Հունգարիայի պաշտպանության նախարարության պետական քարտուղար, տիկին Ագնեշ Վադայի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակությանը դիմավորում էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Է.Ապրիամովը:
Ս.թ. ապրիլի 25-ին պատվիրակությունը պաշտոնական հանդիպումներ ունեցավ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գ.Ղարիբջանյանի և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանի հետ:
Այնուհետև Ագնեշ Վադայի գլխավորած պատվիրակությունն այցելեց «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց` ի հիշատակ 1915թ. հայոց ցեղասպանության զոհերի: Պատվիրակությունը նաև այցելեց Մատենադարան, որտեղ ծանոթացավ հայկական հին ձեռագրերին և մատյաններին: «Հաղթանակ» զբոսայգում ծաղկեպսակ դրեցին Անհայտ զինվորի գերեզմանին, եղան «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում, ծանոթացան Հայրենական Մեծ Պատերազմում մեր ազգի ունեցած նվաճումներին:
Տիկին Ագնեշ Վադայի գլխավորած պատվիրակությունը նաև ծաղկեպսակ դրեց Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին զոհված Հունգարիայի զինվորների հուշարձանին: Ս.թ. ապրիլի 26-ին Ագնեշ Վադայի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական հանդիպում ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի հետ:
Հանդիպման սկզբում տիկին Ագնեշ Վադան շնորհավորեց Ս.Օհանյանին` պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարն իր հերթին ողջունեց հյուրին` փաստելով երկուստեք ռազմական համագործակցության կարևորությունը:
Անդրադառնալով ռազմական համագործակցության ներկա վիճակին, կողմերն ընդգծեցին վերջինիս ընդլայնման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին խաղաղապահ գործունեությանը, ռազմական, ռազմաուսումնական համագործակցությանը նպաստող հարցեր:
Կողմերը մտքեր փոխանակեցին նաև հայկական զինված ուժերում իրականացվող բարեփոխումների, քաղաքացիական հատուկ ծառայության ներդրման, ՆԱՏՕ-ԳՀԽ (Գործընկերություն հանուն խաղաղության) շրջանակներում 2008թ. Հայաստանում անցկացվելիք «Համատեղ Աղեղ» հրամանատարաշտաբային և «Համատեղ Նիզակակիր» դաշտային զորավարժություններին Հունգարիայի մասնակցության վերաբերյալ:
Ս.թ. ապրիլի 26-ին պետքարտուղար Ա.Վադայի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաև ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ և ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Ս.թ. ապրիլի 27-ին Հունգարիայի պաշտպանության նախարարության պետքարտուղար, տիկին Ագնեշ Վադայի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հունգարիա: