ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն այցելեց առաջին գիծ

5 Մայիսի, 2008 00:00
Ս.թ. մայիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմի, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների ուղեկցությամբ նախարարի պաշտոնում իր առաջին աշխատանքային շրջայցը կատարեց հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագծում (Նոյեմբերյան-Իջևան) տեղակայված զորամասեր և մարտական դիրքեր` ստուգելու կատարված աշխատանքները, համապատասխան ծառայությունների պատասխանատուների հետ քննարկելու կահավորմանն ու ինժեներական կառույցների ամրապնդմանն առնչվող խնդիրներ:

Այցի ընթացքում նախարարը եղավ Կողբում տեղակայված զորամասում, ծանոթացավ զինվորների սոցիալ-կենցաղային պայմաններին: Զորամասում ընթանում էին շինարարական աշխատանքներ. կառուցվում է մեծ ավտոպարկ, զինապահեստ, սպաների համար նախատեսված ևս մեկ բնակելի շենք, իսկ օգոստոսին արդեն շահագործման կհանձնվի զորամասի շտաբի նորակառույց երկհարկանի շենքը: Նախատեսվում է զորամասի տարածքում կառուցել նաև սպորտային հրապարակներ, լողավազան, բանջարեղենի պահպանման պահեստներ: Կփակվի նաև գետի` զորամասի տարածքով անցնող հատվածը: «Բոլոր հրատապ խնդիրներին պաշտպանության նախարարությունում արձագանքում են» - նշեց նախարարը: Դեռևս անցյալ տարեվերջին շահագործման հանձնված բնակելի շենքում արդեն ապրում է սովորական սպայական ընտանիք: Տանտիրուհին, որը զորամասի գրադարանավարուհին է, նկատեց, որ «Մեր զորամասը մեր տունն է»: Ս.Օհանյանը եղավ նաև սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, որտեղ պայմանագրային հիմունքներով ծառայություն են իրականացնում պայմանագրային զինծառայողները: Այստեղ հակառակորդը գտնվում է 500-1000 մետր հեռավորության վրա, իսկ որոշ դիտակետերից հակառակորդի դիրքերը երևում են նույնիսկ անզեն աչքով: Զինծառայողների խոսքերով, իրենք չեն կրակում անգամ այն դեպքում, երբ թաքստոցից դուրս հակառակորդ են տեսնում. պահպանում են հրադադարի ռեժիմը: Իսկ այն հատվածներում, որտեղ ադրբեջանական ստորաբաժանման դիրքը գերիշխող է, արհեստական լարվածություն ստեղծող կրակոցները հաճախակի են: Ս.Օհանյանը զրուցեց անձնակազմի հետ, խոսեց բարոյահոգեբանական մթնոլորտի մասին և խաղաղ ծառայություն մաղթեց նրանց: Նա նաև ընդգծեց, որ 2008 թվականին պայմանական հրադադարի ռեժիմի խախտումներն իսկապես շատ են եղել, կրակոցներն ակտիվացել են, բայց վերջին մեկ շաբաթվա ընթացքում պատկերը փոխվել է. ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչների միջոցով ադրբեջանական ղեկավարությանը փոխանցվել է դադարեցնել կրակոցները: Իսկ հայկական կողմին էլ հստակ ցուցում է տրված չպատասխանել անկանոն կրակոցներին` լարվածությունը որոշակիորեն մեղմելու նպատակով: Իսկ լրագրողների այն հարցին, թե հնարավո±ր է արդյոք կողմերի հրամանատարների միջև տեղային մակարդակով կապ հաստատել, նախարարը պատասխանեց.«Ներկայումս էլ, սահմանի տարբեր հատվածներում կապը պահպանվում է, որպեսզի հնարավոր լինի լուծել ժամանակ առ ժամանակ շփման գծում առաջացող խնդիրները: Կապն, իհարկե, կարելի է վերականգնել, եթե հակառակորդը ցանկություն հայտնի»: Ս.Օհանյանի հավաստմամբ, որոշ բնակավայրերի պաշտպանունակության բարձրացման առումով որոշվել է ավելացնել ինժեներական կառույցների թիվը` պաշտպանությունն առավել հուսալի դարձնելու նպատակով: Ի արձագանք ադրբեջանական կողմի` չդադարող ռազմատենչ հայտարարությունների` պաշտպանության նախարարն ասաց, որ դրանց նպատակն է պատրաստել իրենց ժողովրդին և ներքաղաքական խնդիրներ լուծել. «Հայկական կողմը չի թերագնահատում ադրբեջանական բանակում իրականացվող բարեփոխումները, այլ հետևություններ է անում, թե ինչպես բարձրացնել մեր զինված ուժերի մարտունակությունը: Ոչ պատերազմ - ոչ խաղաղություն պայմաններում ուժերի հավասարակշռությունն անմիջական շփման կետում պահպանում ենք եթե ոչ քանակական, ապա որակական առումով, ինչով էլ հաղթանակ ենք տարել ազգային ազատագրական պայքարում: Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ գտնվում ենք աշխարհագրական այնպիսի տարածաշրջանում և ռազմաքաղաքական իրադրությունում, որ մշտապես պետք է պատրաստ լինենք դիմագրավել ցանկացած սպառնալիք»,- հավելեց նախարարը: Ըստ Ս.Օհանյանի, Ազգային Ժողովում օրեր առաջ հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագրում ուրույն դեր ունեն նաև երկրի պաշտպանունակության և բանակի մարտունակության բարձրացման խնդիրները. «2008թ.-ին հայկական զինված ուժերն առաջնորդվում են «Զինված ուժերի պատրաստությանը` նոր որակ, բարեփոխումներին` հաստատուն ընթացք» կարգախոսով: Բանակի կյանքն ու առօրյան շարունակելու է բաց ու թափանցիկ լինել հասարակության և լրատվամիջոցների համար»: Կառավարության գործունեության նոր ծրագրով նախատեսվում է ուշադրության կենտրոնում պահել նաև պրոֆեսիոնալ զինծառայողների, պաշտոնաթող ու հաշմանդամ զինվորականների սոցիալ-կենցաղային և բնակարանային պայմանները. «Պետք է լինի ծառայողական բնակարանային ֆոնդ, որպեսզի զորամասերում ապրող սպաները մարտունակության պահպանման առումով շատ մոտ լինեն տանը և իրենց թիկունքում զգան ընտանիքի շունչը»,- ասաց նախարարը` նկատելով, որ պետության ղեկավարության աջակցությամբ այս ուղղությամբ զինված ուժերում զգալի աշխատանք է տարվում: Նա նաև հավելեց, որ այս տարի բնակարանաշինության ծավալներն ավելանալու են. շահագործման է հանձնվելու շուրջ 480 բնակարան, որից 280-ը մայրաքաղաքում, իսկ 200-ը` մարզերում: Պատասխանելով լրագրողի հարցին, Ս.Օհանյանն ասաց, որ կադրային փոփոխություններ բանակում մշտապես լինում են, և այս հարցում չպետք է սպասել թերությունների կուտակմանը: Նրա խոսքերով` ծառայողական հաջողություններ ունեցող մարդիկ պետք է աստիճանաբար աճեն, իսկ ովքեր չեն կարողանում իրականացնել խնդիրները, իջեցվում են ցածր ծավալի պաշտոնի: Խոսելով ՀՀ պաշտպանության նախարարի` թիկունքի գծով տեղակալ, գեներալ-լեյտենանտ Գուրգեն Մելքոնյանին պաշտոնից ազատելու մասին, նախարարն ասաց, որ Գ.Մելքոնյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր արդեն երկար ժամանակ, և որոշվել էր փոփոխություն կատարել: Ըստ նրա` երբեմն նույն պաշտոնը երկար ժամանակ զբաղեցնելը հանգեցնում է զգոնության թուլացման և այլն. «Սկսվել է աշխատանքը, սլանում ենք առաջ. ով դիմացավ մեր տեմպերին, կքայլի մեզ հետ, ով չդիմացավ, նրա համար այլ աշխատանք ու ծառայության վայր կգտնենք»,- աշխատանքի սկզբունքը հստակեցրեց նախարարը: Ս.Օհանյանն անդրադարձավ նաև ադրբեջանական կողմում հայտնված չորս հայ քաղաքացիների փաստին` նշելով, որ նրանց առողջական վիճակը նորմալ է և մոտ օրերս նրանք կվերադարձվեն, իսկ միջադեպից հետևությունը մեկն է` անհրաժեշտ է բանակում էլ ավելի լուրջ վերահսկողության տակ վերցնել դաստիարակչական աշխատանքներն ու կարգապահական մակարդակը. «Բանակը տղամարդկանց մեծ հասարակություն է և, ինչպես քաղաքացիական կյանքում, այնպես էլ այստեղ, ինքնահաստատման պահեր կան, լինում են վիճաբանություններ»,-մանրամասնեց նա: Լրագրողների հետ հանդիպման ավարտին պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հավաստիացրեց, որ արվում է ամեն ինչ` զինծառայության պայմանները բարելավելու և սպայակազմի կյանքն առավել բարեկեցիկ դրաձնելու համար: Հրաժեշտ տալով լրագրողներին` նախարարն ուղևորվեց Իջևան` շրջայցն ավարտելու սահմանագոտում տեղակայված հենակետերում սպայակազմի հետ հանդիպումներով:
  • Տարածել