Ս.Օհանյանն այցելեց ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան
7 Մայիսի, 2008 00:00Ս.թ. մայիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ, այցելեց ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայան, որտեղ ծանոթացավ զորակոչի ընթացքին, հանդիպեց զորակոչիկների հետ:
Հավաքակայանում Ս.Օհանյանը` ՀՀ զինվորական կոմիսարի, ՀՀ ԶՈՒ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետի ուղեկցությամբ ծանոթացավ նաև զինակոչիկների բուժզննման գործընթացին` հերթով անցնելով բոլոր սենյակներով, զրուցեց սպաների, զինվորական բժիշկների հետ, լսեց առկա խնդիրները, տվեց հանձնարարականներ:
Իսկ զորակոչիկների հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ տրամադրությամբ են նրանք մեկնում ծառայության, գիտակցո՞ւմ են արդյոք իրենց սրբազան պարտականության լրջությունը: Նախարարը նաև հավաստիացրեց, որ զորակոչի գործընթացն իրականացվում է առավելագույն պատասխանատվությամբ, և գրեթե բացառվում են սխալ զորակոչի դեպքերը. զորակոչիկները ենթարկվում են մանրամասն ռազմա-բժշկական հետազոտման և ոչ մի հիվանդ երիտասարդ չի զորակոչվում զինված ուժեր: Զինակոչիկներից երկուսը, ազգությամբ եզդի, որոնք հարազատներ էին, օգտվելով առիթից, խնդրեցին նախարարին` ընդառաջել միասին ծառայելու հարցում, էական չէ, թե որ զորամասում:
Երիտասարդներից մեկն էլ խնդրեց, որ ծառայի հատուկ ստորաբաժանումում: Նախարարն, ինչ խոսք, չմերժեց, և խորհուրդ տվեց զինակոչիկներին այնպես ծառայել, որ ծառայության ավարտին կարողանան բաց ճակատով ու մաքուր սրտով ասել, որ ինչ-որ բան արել են հայրենիքի համար:
Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հանդիպեց լրագրողների հետ, որտեղ և մասնավորապես ասաց.
«Ինչպես գիտեք, 2008թ.-ի գարնանային զորակոչի արդեն երկրորդ օրն է: Սա մեր զինված ուժերի և, ընդհանուր առմամբ, մեր ժողովրդի համար ամենակարևոր միջոցառումներից մեկն է: Սա մեր ժողովրդի, մեր պետության անվտանգությունն ապահովող մի կառույցի շարունակական համալրումն է, որը յուրաքանչյուր քաղաքացու խնդիրը պետք է լինի: Միասին շրջեցինք այն սենյակներով, որտեղ բուժզննում է իրականացվում և կարող եմ ասել, որ զորակոչի իրականացման գործընթացը տարեցտարի բարելավվում է, ինչի մասին վկայում են նաև մեր կողմից անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքերը. մեր բնակչության գերիշխող մասը մեծ հպարտությամբ է իր զավակներին ուղարկում զինվորական ծառայության: Իհարկե կան նաև մտահոգիչ հարցեր, որոնք վերաբերում են որոշ զորամասերի ներքին կարգուկանոնին, բարքերին, միջանձնային հարաբերություններին, անվտանգության պայմաններին: Զինված ուժերի հրամանատարությունը համապատասխան հետևություններ է կատարում այս ամենի վերաբերյալ` տարեցտարի ավելի հետևողական լինելու, ավելի խորը մտածելու բացթողումների շուրջ միջոցառումներ իրականացնելու համար: Եվ գտնում եմ, որ ամեն ինչի հիմքում պետք է ընկած լինի արդարության սկզբունքը: Յուրաքանչյուր քաղաքացի պետք գիտակցի, որ սրբազան գործ է կատարում` ծառայելով հայրենիքին: Իսկ թե ի՞նչ է նշանակում ծառայել հայրենիքին` ես չէ, որ պետք է այսօր բացատրեմ մեր ժողովրդին: Վստահաբար կարող եմ ասել, որ բանակ այսօր զորակոչվում են միայն ծառայությանը պիտանի զինակոչիկներ` մեկ սահմանափակումով, սակայն. ոմանք նշանակվում են ոչ շարային պաշտոնների, իսկ մարտական ծառայության են զորակոչվում շարային ծատայության համար պիտանիները: Այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ դիմումներ անցյալ զորակոչի ընթացքում չեն եղել, և այս զորակոչին էլ առայժմ չկան»:
Նախարարը նշեց նաև, որ այսօր բանակի համալրման հետ կապված խնդիրներ չկան, բանակի ստորաբաժանումներն իրենց կառուցվածքային առումով կայացած են և համալրումն իրականացվում է ըստ պլանի. ամեն տարի իրականացվում է նաև զորամասերի համալրումը պրոֆեսիոնալ զինծառայողներով:
Անդրադառնալով մեզանում դեռևս առկա այն արատավոր երևույթին, երբ ծնողները փորձում են ինչ-ինչ ճանապարհներով որոշել իրենց որդու ապագա ծառայության վայրը, կերպը, Ս.Օհանյանն ընդգծեց. «Այս խնդիրը պետք է մտահոգիչ լինի բոլորիս համար և ես կխնդրեի մեր հասարակությանը, մեր ժողովրդին` օգնել զինված ուժերի ղեկավարությանը` կանխելու համար նման խախտումները և պայքարելու նման բարքերի դեմ: Այդպիսի խախտումների բացահայտման դեպքեր լինում են և մեղավորներն էլ պատժվում են, և, հավատացնում եմ, որ զինված ուժերի ղեկավարությունը հետևողական աշխատանք է տանում այդ ուղղությամբ, իսկ մեր հրամանատարական կազմը կանգնած է այդ սկզբունքների պահպանման հիմքում և անելու ենք ամեն ինչ` առավելագույնս պահպանելու արդարության սկզբունքը: Պետք է հասկանանք, որ ոչ միայն ժողովուրդը, այլև բոլոր գերատեսչությունները, պաշտոնական այրերը պետք է օրինակ ծառայեն ժողովրդի համար»: «Իրադրությունը զինված ուժերում չի կարող կտրուկ տարբերվել հասարակական ներկա իրողություններից»-հավելեց նախարարը:
Բանակում կարգապահության վերաբերյալ լրագրողի հարցին նախարարը պատասխանեց. «Մենք անում ենք ամեն ինչ` բանակում կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ: Շարունակական աշխատանքների միջոցով անհրաժեշտ է փոխել ձևավորված մթնոլորտը` հասարակությունն էլ ավելի շատ պետք է վստահի բանակին: Բանակը կայացած կառույց է, և ազգային ազատագրական պայքարի ընթացքում ապացուցել է, թե ինչ կարող է անել ժողովրդի հետ միասին: Այսօր էլ զինված ուժերը մեր ժողովրդի ու պետության անվտանգության երաշխավորն են»,-հավաստեց նա:
Նախարարն անկեղծացավ նաև, որ որոշակի դժվարությամբ է ընտելանում քաղաքացիական հագուստին, սակայն կարծում է, որ ի պաշտոնե հաճախ է կրելու զինվորական համազգեստ, քանի որ իր էությամբ ավելի մոտ է առաջին գծին և զինվորին: Ավարտելով լրագրողների հետ հանդիպումը, պաշտպանության նախարարը հանդիպեց նաև հավաքակայանի մուտքի մոտ հավաքված ծնողներին, զրուցեց նրանց հետ: Զրույցի ընթացքում ծնողներից մեկը հուզմունքով նշեց, թե շատ երջանիկ է, որ այսօր իր որդին մեկնում է ծառայության: Հուզմունքով և ուրախությամբ արտաբերված այս խոսքերի համար Ս.Օհանյանը, իր մակագրությամբ թանկարժեք ժամացույց նվիրեց նրան:
Այնուհետև նախարարն ուղևորվեց Հանրապետական զինկոմիսարիատ` ընդունելու զինակոչիկների ծնողներին և քաղաքացիներին, լսելու նրանց խնդիրները: Ընդունելությունը շարունակվել է մինչև կեսգիշեր, որի ընթացքում նախարար Ս.Օհանյանն ընդունել է շուրջ 150 քաղաքացու: