Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանին
14 Մայիսի, 2008 00:00Ս.թ. մայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Սեյեդ Ալի Սաղայիանին:
Հանդիպման սկզբում, դեսպանը, շնորհավորելով Ս. Օհանյանին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նրան հանձնեց Իրանի Իսլամական Հանրապետության Պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, գեներալ-մայոր Մոսթաֆա Մոհամմադ Նաջարի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես ասվում է. ՙ Ցանկանում եմ ամենաջերմ շնորհավորանքներս հղել Ձեզ` հարևան և բարեկամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հուսով եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում երկու երկրների պաշտպանական փոխհարաբերությունները տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության շրջանակներում հարաճուն զարգացում կունենան: Առիթը պատեհ համարելով և հղելով հարգանքներիս հավաստիքը` Բարձրյալից հայցում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի հաջողությունը՚:
Երկուստեք ողջույններից հետո կողմերն անդրադարձան ռազմական բնագավառում առ այսօր ձեռք բերված երկկողմ հաջողություններին, նախանշեցին անելիքները մոտ ապագայում:
Հանդիպման ընթացքում կողմերը փաստեցին, որ հայ-իրանական հարաբերություններն ամրագրված են տնտեսական ու քաղաքական ոլորտներում ունեցած լուրջ ձեռքբերումներով, որոնց հիմքում ընկած են մեր երկու ժողովուրդների եղբայրական հարաբերությունները:
Հանդիպման ավարտին մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք խնդիրների շուրջ:
Խոսելով ԼՂՀ խնդրի կարգավորման հարցի շուրջ, կողմերը կարևորեցին վերջինիս լուծման խաղաղ ճանապարհը:
Օրվա երկրորդ կեսին պաշտպանության նախարարը մեկնեց Ապարան, որտեղ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի, տեղական իշխանության ներկայացուցիչների, ինչպես նաև մի շարք բաձրաստիճան սպաների ուղեկցությամբ այցելեց 1915թ. Մեծ Եղեռնի նահատակների, 1918թ. Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների, 1941-1945թթ. Հայրենական Մեծ Պատերազմում զոհված ապարանցիների հիշատակին նվրիված ՙՎերածնունդ՚ հուշահամալիր, որտեղ ծանոթացավ մայիսի 28-ի տոնակատարության ծրագրին , իրականացվող շինարարական աշխատանքներին:
Այցի ավարտին նախարարը հանձնարարականներ տվեց պատասխանատու սպաներին: