ՀՀ պաշտպանության նախարարը վարչական ապարատի անձնակազմին ներկայացրեց նոր ղեկավարին

16 Մայիսի, 2008 00:00
ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի անձնակազմի հետ ծանոթանալու, հետագա գործունեության իրականացման համար խնդիրներ առաջադրելու նպատակով ս.թ. մայիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց ՀՀ պաշտպանության նախարարի վարչական ապարատի ստորաբաժանումների` մամլո ծառայության, վարչատնտեսական ծառայության, գնումների փաստաթղթերի ձևակերպման բաժնի, քարտուղարության, կոլեգիայի քարտուղարության, վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի, ֆինանսական տեսչության, հատուկ հանձնարարությունների խմբի և կենտրոնական արխիվի անձնակազմերի հետ:

Հանդիպման սկզբում Ս.Օհանյանը անձնակազմին ներկայացրեց վարչական ապարատի նորանշանակ ղեկավար, գնդապետ Էդուարդ Սարգսի Գևորգյանին` ընդգծելով վերջինիս հարուստ աշխատանքային փորձը այդ պաշտոնում: Ինչպես նաև շնորհակալություն հայտնեց վարչական ապարատի նախկին ղեկավար, գնդապետ Անդրանիկ Ռազմիկի Մելոյանին` այդ պաշտոնում կատարած աշխատանքների համար: Այնուհետև ստորաբաժանումների պետերը մեկ առ մեկ ներկայացրեցին իրենց ենթականերին: Անդրադառնալով վերոնշյալ ստորաբաժանումների հետագա գործունեությանը` նախարարը նշեց, որ առաջնային խնդիր է կադրային լուրջ քաղաքականության իրականացումը զինված ուժերում, և, որ միասին պետք է պայքարել կաշառակերության դեմ` ընդգծելով կադրային քաղաքականության ոլորտում արդարության սկզբունքի պահպանումը, ինչպես նաև զինված ուժերում բարեփոխումների իրականացումը: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Ս.Օհանյանը նշեց նաև, որ յուրաքանչյուր պետ, հրաման տալուց առաջ, պետք է նախ ինքն իր մասով կատարի այդ հրամանը, ապա պահանջի` ապահովելով այդ հրամանի կատարման պայմաններ: Այնուհետև նախարարը հանձնարարականներ տվեց` ուղղված համակարգում կարգապահության բարձրացմանը, հասարակության մեջ զինծառայողի պահվածքին, ինչպես նաև զինծառայողների փոխհարաբերություններին ուժային այլ կառույցների ներկայացուցիչների հետ, զինվորական համազգեստը կրելու կանոնների խիստ պահպանմանը ամբողջ զինված ուժերում: Հանդիպման վերջում ՀՀ պաշտպանության նախարարը հաջողություն մաղթեց անձնակազմին` ծառայության և հետագա աշխատանքային գործունեության մեջ:
  • Տարածել