Ս.Օհանյանը արձանագրություն ներկայացրեց Ազգային Ժողովի վավերացմանը
21 Մայիսի, 2008 00:00Ս.թ. մայիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ազգային Ժողովի վավերացմանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև Կոսովոյի ուժերի գործողությունների շրջանակներում ՀՀ զինված ուժերի հրաձգային դասակը Կոսովոյում Հունաստանի զինված ուժերի գումարտակի կազմում ներգրավելու վերաբերյալ 03.09.2003թ. փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:
Նիստի ընթացքում նախարարը նշեց, որ 2004թ.-ից ի վեր 34 հոգանոց հայկական խաղաղապահ ստորաբաժանումը ռոտացիոն կարգով խաղաղարար առաքելություն է իրականացնում հունական գումարտակի կազմում: Այս արձանագրության վավերացմամբ նախատեսվում է Կոսովո գործուղել ևս մեկ` 34 հոգանոց հրաձգային դասակ: Նախարարի հավաստմամբ, այս առաքելությունն ունի ռազմական և ռազմաքաղաքական մեծ նշանակություն. այն նպաստում է Հայաստանի ներգրավվածությանը միջազգային գործընթացներին և մասնակցությանը անվտանգության ապահովմանը, Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացմանը: Բացի այդ, ՀՀ ԶՈՒ մասնագետները միջազգային ստորաբաժանումների կազմում ձեռք են բերում փորձ և հմտություն:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց վերոնշյալ արձանագրության վավերացմանը:
Նիստից հետո ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հանդիպեց լրագրողների հետ և պատասխանեց նրանց հարցերին: Մասնավորապես, «Փակագիծ» թերթի լրագրողի` խաղաղապահ առաքելությունն ընդլայնելու վերաբերյալ հարցին Ս.Օհանյանը պատասխանեց, որ հայ խաղաղապահներին Աֆղանստան ուղարկելու վերաբերյալ առայժմ որևէ պայմանավորվածություն չկա, ինչպես նաև չկա պայմանավորվածություն` մեր խաղաղապահների ներկայությունն Իրաքում ապահովելու վերաբերյալ:
Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին` Ս.Օհանյանը, ս.թ. մայիսի 15-ին մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից զոհված ժամկետային զինծառայող Ա.Հայրապետյանի մարմնի վրա կապտուկներ և քերծվածքներ հայտնաբերելու փաստի առթիվ պարզաբանեց, որ դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ ժամկետային զինծառայող Ա.Հայրապետյանը զոհվել է AKM տեսակի հրազենի փամփուշտից ստացած մարմնական վնասվածքից: Փամփուշտը գտնվել է զոհվածի մարմնում, իսկ մեր զինված ուժերում նման փամփուշտներ չկան: Մարմնի կապտուկներն ու քերծվածքներն առաջացել են արդեն վիրավոր Ա.Հայրապետյանին նորակառույց նեղ խրամատից դուրս հանելու ժամանակ. «Ես պատրաստ եմ հանդիպել զոհվածի հարազատների հետ և բացատրել այդ ամենը, որպեսզի նրանք կասկած անգամ չունենան, որ իրենց որդին զոհվել է հակառակորդի գնդակից»:
Իսկ Լարիսա Ալավերդյանի` մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ ս.թ. մայիսի 20-ին հնչեցրած հայտարարության առնչությամբ նախարարն ասաց, որ զինված ուժերն ընդգրկված չեն եղել այդ միջոցառումներում և, որ արտակարգ դրություն մտցնելուց հետո զինված ուժերը Երևանում տեղակայված են եղել որոշված մշտական տեղակայման վայրում` պատրաստ հասարակական կարգի պահպանմանը` ընդգրկվելով մասնավորապես որոշ առավել կարևոր օբյեկտների պահպանման գործընթացում:
Պաշտպանության նախարարի երկու տեղակալներին, մասնավորապես գեներալ-լեյտենանտ Մ.Գրիգորյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան Ս.Օհանյանն ասաց. «Դա իմ օրոք չի եղել, սակայն, երկար ժամանակ նույն պաշտոնին լինելու պատճառով, նաև ելնելով ծառայողական անհրաժեշտությունից, առաջարկվել է ուղարկել պահեստազոր»:
«Երկրապահ» կամավորականների միությունից դուրս գալու վերաբերյալ լրագրողի հարցին նախարարը պատասխանեց. «Ես «Երկրապահից» դուրս չեմ եկել, մենք ժամանակավորապես դադարեցրել ենք մեր մասնակցությունը վարչությունում: Երևի բանակում ծառայող սպայական կամ ղեկավար կազմում չկան երկրապահների, մեր կռվող ազատամարտիկների մասին ավելի շատ մտածող մարդիկ, քան այսօրվա ղեկավարությունն է: Մենք դադարեցրել ենք մեր մասնակցությունը, որովհետև այդ ժամանակ «Երկրապահի» շուրջ քաղաքական տարբեր քայլերի կատարման, զինվելու և այլնի մասին խոսակցություններ էին շրջանառվում, իսկ ԵԿՄ ղեկավարությունը համապատասխան որոշում չէր ընդունում»:
Այն հարցին, թե նշանակո՞ւմ է արդյոք դա, որ «Երկրապահը» Հայաստանի ղեկավարությանն այլևս պետք չէ, նախարարը պատասխանեց. «Երկրապահ պետք է Հայաստանին: Հայ ժողովուրդը պետք լինի երկրապահ, ազատամարտիկ` երկիրը պաշտպանելու համար»:
Իսկ Նախիջևանում գերի ընկած մեր չորս քաղաքացիների ճակատագրի առնչությամբ նախարարն ասաց, որ ադրբեջանական ղեկավարության հետ փոխգործակցություն է կազմակերպվել և համապատասխան աշխատանքներն ավարտելուց հետո նրանք կվերադարձվեն:
ՀՀ պաշտպանության նախարարի ելույթը Ազգային Ժողովի նիստում կարող եք ամբողջությամբ կարդալ այստեղ »