Ս.Օհանյանն ընդունեց Ջոզեֆ Փենինգթոնին

26 Մայիսի, 2008 00:00
Ս.թ. մայիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնին:

Հանդիպման սկզբում Ս.Օհանյանն իր խոնարհումն ու հարգանքը հղեց Ջ.Փենինգթոնին` բոլոր ժամանակների պատերազմներում զոհված ամերիկյան զինվորների հիշատակի օրվա կապակցությամբ: Իր հերթին, Ջ.Փենինգթոնը շնորհավորեց Ս.Օհանյանին` ՀՀ պաշտպանության նախարարի բարձր պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնեց, որ երկուստեք համագործակցությունն էլ ավելի կխորանա վերջինիս պաշտոնավարման ընթացքում: Անդրադառնալով բազմազգ դիվիզիայի կազմում խաղաղարար առաքելություն իրականացնող հայ խաղաղապահներին, Ջ. Փենինգթոնը ողջունեց Կոսովոյում հունական ստորաբաժանման կազմում մեր խաղաղապահ դասակի թվաքանակի կրկնապատկման փաստը` նշելով, որ դա նպաստում է Հայաստանի ներգրավվածությանը միջազգային գործընթացներին, Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացմանը: Նաև տեղեկացրեց, որ ներկայումս ընթանում են խաղաղարար առաքելություն իրականացրած մի շարք հայ խաղաղապահների պարգևատրման նախապատրաստական աշխատանքները: Միաժամանակ Ջ.Փենինգթոնը շնորհակալություն հայտնեց նախարարին` վերջերս Ազգային պաշտպանության քոլեջի պատվիրակության կատարած այցը Հայաստան բարձր մակարդակով անցկացնելու համար: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդգծեց, որ Հայաստանի համար խաղաղապահ առաքելությունն ունի ինչպես ռազմաքաղաքական, այնպես էլ ռազմական նշանակություն. ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները միջազգային ստորաբաժանումների կազմում փորձ և հմտություն են ձեռք բերում: Կողմերը նշեցին նաև, որ հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունն իր դերակատարությունն ունի տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերում: Անդրադարձ եղավ ս.թ. հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք ՙՀամատեղ աղեղ, Համատեղ նիզակակիր և Խիզախ լուսան 2008՚ զորավարժությունների կազմակերպչական աշխատանքներին: Հանդիպման ավարտին կողմերը փաստեցին, որ տարածաշրջանային անվտանգության առումով ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում հետայսու ևս բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն խնդրի` խաղաղ ճանապարհով կարգավորմանը:
  • Տարածել