Ս.Օհանյանը մասնակցեց Հյուսիս-Ատլանտյան խորհրդի նիստին
29 Մայիսի, 2008 00:00Ս.թ. մայիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնեց Բրյուսել: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը ս.թ. մայիսի 28-ին Բրյուսելում մասնակցեց Հայաստան-ՆԱՏՕ 26+1 ձևաչափով Հյուսիս-ատլանտյան խորհրդի նիստին, որի ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների մասնակցությամբ քննարկվեց Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացման գնահատման փաստաթուղթը:
Ելույթներով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Է.Նալբանդյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանը կարևորում է ԱԳԳԾ-ն` որպես Դաշինքի հետ համագործակցության առաջնորդող ձևաչափ: Նա նաև ներկայացրեց Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը, ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման գործընթացը` վերահաստատելով Հայաստանի դիրքորոշումը` խնդիրը բանակցությունների միջոցով լուծելու վերաբերյալ: Իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները իր հարևանի հետ, ինչը նաև բխում է ԱԳԳԾ-ում ամրագրված դրույթներից:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում ներկայացրեց պաշտպանության բնագավառում բարեփոխումների ընթացքը, ռազմական անվտանգության ռազմավարական վերանայման ոլորտում ձեռնարկվելիք քայլերը, փոխգործունակ կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումները: Ս.Օհանյանն անդրադարձ կատարեց նաև պաշտպանական բնագավառի օրենսդրական փոփոխություններին:
Այնուհետև հանդես եկան ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանները, որոնք իրենց ելույթներում նշեցին, որ Հայաստանը նախատեսված ժամկետներում կատարել է ԱԳԳԾ-ով համաձայնեցված նպատակները և իրենց երկրների անունից պատրաստակամություն հայտնեցին շարունակել աջակցել Հայաստանին` բարեփոխումների գործընթացին:
Այցի շրջանակներում ՀՀ պատվիրակության համանախագահները հանդիպում ունեցան նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնիերոյի հետ:
Ս.թ. մայիսի 29-ին պատվիրակությունը ժամանեց Երևան: