Ս.Օհանյանն ընդունեց դեսպան Փ.Ռոզենբլատի գլխավորած պատվիրակությանը
30 Մայիսի, 2008 00:00Ս.թ. մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչ, դեսպան Փիթեր Ռոզենբլատին, Ամերիկա-հայկական հասարակական կոմիտեի գործադիր տնօրեն Ռոսս Վարթյանին և ՙՀույս Հայաստանի համար՚ հիմնադրամի տնօրեն Մադլեն Մինասյանին:
Հանդիպման սկզբում Ս.Օհանյանը ողջունեց հյուրերին` կարևորելով Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների խորացումը հատկապես տնտեսական, ժողովրդավարության զարգացման և տարածաշրջանային կայունության առումով:
Իր հերթին դեսպան Ռոզենբլատը նշեց, որ իր ներկայացրած կոմիտեն հրեական համայնքի առանցքային կազմակերպություններից մեկն է, որն առավելագույնս ներգրավված է միջազգային հարաբերությունների ոլորտում : Նա նաև նշեց, որ դեռևս 1990-ականներից ուշադրությամբ հետևում են հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, իսկ Հայաստանում վերջին անգամ եղել են 1999թ.-ին : Ըստ դեսպանի, Ամերիկայի հրեական կոմիտեի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ պայմանավորված է Ամերիկայի հայ համայնքի հետ սերտ կապերով :
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին, հրադադարի ռեժիմի պահպանմանն առնչվող խնդիրներ:
Կողմերն անդրադարձան նաև Հայաստան-Իսրայել փոխհարաբերություններին :
Հանդիպման վերջում քննարկվեցին նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր` փաստելով, որ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցում հետայսու ևս բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն խնդրի` խաղաղ ճանապարհով կարգավորմանը: