Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին
7 Հունիսի, 2008 00:00Ս.թ. հունիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակության ղեկավար Ջեյմս Ռեյնոլդսին: Հանդիպման սկզբում Ջ.Ռեյնոլդսը շնորհավորեց Ս.Օհանյանին` պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց վերջինիս բեղմնավոր աշխատանք:
Նախարարն իր հերթին շնորհակալություն հայտնեց պատվիրակության ղեկավարին` հույս հայտնելով, որ իր պաշտոնավարման ընթացքում կարձանագրվեն երկկողմ նորանոր հաջողություններ:
Հանդիպման ընթացքում Ս.Օհանյանը բարձր գնահատեց հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության առաքելությունը, իսկ համագործակցությունը` քաղաքակիրթ բարձրագույն արժեքների պահպանմանն ուղղված խիստ անհրաժեշտ գործունեություն` վերջինիս ամենամեծ ձեռքբերումը համարելով այն, որ պատվիրակությունն այլևս Հայաստանի քաղաքական և քաղաքացիական կյանքի օբյեկտիվ իրականությունն է:
Անդրադառնալով ԿԽՄԿ և ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի միջև` հակամարտության հետևանքով անհայտ կորածների մինչմահու տվյալների հավաքագրման և վարման մասին կնքվելիք համաձայնագրին, կողմերը հույս հայտնեցին, որ վերջինս կկանոնակարգի համագործակցությունն այդ ոլորտում` հնարավորություն ընձեռելով համակարգված լուծումներ գտնել այդ ցավոտ խնդիրների համար:
Իսկ ս.թ. փետրվարի 18-ին ՀՀ պետական սահմանի` Նոյեմբերյանի հատվածը խախտելու համար ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Արզու Նուրուդդին-օղլի Էյուբովի հայրենադարձման առնչությամբ նախարար Ս.Օհանյանն ընդգծեց, որ հայկական կողմը մշտապես պահպանել է հավատարմությունը մարդասիրական սկզբունքներից բխող բարի կամքի իր դրսևորումներին:
Ս.Օհանյանը նաև Ջ. Ռեյնոլդսի ուշադրությունը հրավիրեց ներկայումս մեր հինգ հայրենակիցների (չորս քաղաքացիական անձ և մեկ ժամկետային զինծառայող)` ադրբեջանական կողմում գտնվելու, նրանց հանդեպ անմարդկային վերաբերմունքի և կտտանքների ենթարկելու փաստին, ինչը դժվարացնում է մեր դիրքորոշման որաշակիացումը ԱՀ քաղաքացու հայրենադարձման հարցում` հայցելով Ջեյմս Ռեյնոլդսի աջակցությունը նախ մեր հայրենակիցների հանդեպ կտտանքները դադարեցնելու և, ապա, նրանց Ադրբեջանի վերոնշյալ քաղաքացու հետ փոխանակելու հարցում:
Ս.Օհանյանը կարևորեց նաև հասարակական հնչեղություն ունեցող` Արաբոյի և ևս մի քանի ջոկատների` ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհայտ կորած ազատամարտիկների ճակատագրի հարցը: Նախարարը նշեց, որ ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ հանդիսանալով, իր առաջին նիստն անցկացրել է հենց այդ շրջանակներում, հանդիպել նրանց հարազատների հետ, ինչպես նաև հանձնարարականներ տվել համապատասխան անձանց` այդ հարցն առավելագույնս մանրակրկիտ ուսումնասիրելու և պարզելու ուղղությամբ:
Հանդիպման վերջում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և դրանք առավել խորացնելու հեռանկարներին առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հավաստիացրեց, որ Հայաստանը եղել և մնում է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի գործունեության հիմքում ընկած մարդասիրական սկզբունքների և արժեքների կողմնակից: