Ս.Օհանյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին
10 Հունիսի, 2008 00:00Ս.թ. հունիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար-դեսպան Սերգեյ Կապինասի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարը ողջունեց դեսպանին` և հույս հայտնելով, որ իր պաշտոնավարման ընթացքում կարձանագրվեն նորանոր հաջողություններ:
Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձան այլընտրանքային զինվորական ծառայության և պաշտպանական բարեփոխումների շրջանակներում ՀՀ զինված ուժերում ժողովրդավարական վերահսկողության գործուն մեխանիզմների կատարելագործման խնդիրներին, ինչպես նաև քննարկեցին ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրում արտացոլված զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:
Կողմերը խոսեցին նաև զինված ուժերում իրականացվող բարեփոխումների, մասնավորապես քաղաքացիական հատուկ ծառայության ներդրման, քաղաքացիական վերահսկողության, զինված ուժերը քաղաքական գործընթացներից զերծ պահելու մասին:
Հանդիպման ավարտին դեսպան Կապինասը շնորհակալություն հայտնեց նախարարին` ԵԱՀԿ գրասենյակի հետ արդյունավետ համագործակցության համար: