ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ
13 Հունիսի, 2008 00:00Ս.թ. մայիսին Գերմանիայի Ջորջ Մարշալի անվան անվտանգային հետազոտությունների եվրոպական կենտրոնի կողմից ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ-պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր (ՌԴ), Ռուսաստանյան ռազմագիտական ակադեմիայի իսկական անդամ, հակաահաբեկչության գծով փորձագետ (ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարան), գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանին շնորհվել է «Ջորջ Մարշալի կենտրոնի ամսվա շրջանավարտ» կոչում, որն անվտանգային խնդիրներով զբաղվող եվրոպական այս հեղինակավոր կառույցի կողմից իր շրջանավարտներին է տրվում 2007 թ. մարտից ի վեր: Նախաձեռնությունը նպատակ ունի ներկայացնելու Կենտրոնի այն բոլոր շրջանավարտներին, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում և նպաստում ժողովրդավարական հաստատությունների ու հարաբերությունների, անվտանգության համակարգի զարգացմանը:
Կենտրոնի պաշտոնական կայքէջում ամփոփ կերպով ներկայացված են ք.գ.դ. Հ.Քոթանջյանի գործունեության առանցքային փուլերը: Հայաստանի ազգային անվտանգության ռազմաքաղաքական տեսանկյունների տեսական-մեթոդաբանական իմաստավորման, Հայաստանի պաշտպանական քաղաքականության պրոբլեմների մշակման նպատակով Հ. Քոթանջյանը մասնակցություն է ունեցել բազմաթիվ մասնագիտական ծրագրերի, դասընթացների և խորհրդատվությունների` ինչպես ԽՍՀՄ–ՌԴ, այնպես էլ ԱՄՆ-ի և Եվրոպայի գիտահետազոտական, մասնագիտական կենտրոններում: ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, աշխարհի առաջատար գիտական դպրոցներում անվտանգության բնագավառի գիտելիքների յուրացման ու համակարգման նպատակով, 1998 թ. Ջ. Մարշալի անվան Անվտանգային հետազոտությունների եվրոպական կենտրոնի գեներալական դասընթացներում Հ. Քոթանջյանը յուրացրել է «Ազգային անվտանգության ռազմավարության ձևակերպում. ռազմավարական փոփոխությունների կառավարում» մասնագիտական ծրագիրը:
Կենտրոնի պաշտոնական կայքէջում նշվում է նաև Հ.Քոթանջյանի մասնագիտական վերապատրաստումը ԱՄՆ-ի «ՌԷՆԴ» կորպորացիայի մագիստրոսական դպրոցում, ինչպես նաև 2003-2004 թթ. ակադեմիական ստաժավորումը ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանում:
Ստորև ներկայացված է կայքէջի անգլերեն բնօրինակը և հայերեն թարգմանությունը: