Ս.ՕՀԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՌԴ ՌՈՒՀԵՐԻ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ
17 Հունիսի, 2008 00:00Ի թիվս այլ հանդիպումների, այսօր Ս.Օհանյանը Մոսկվայում հանդիպեց նաև ՌԴ ռազմաուսումնական հաստատություններում սովորող մի շարք հայ ունկնդիրների հետ:
Հանդիպման ընթացքում նախարարը ոչ միայն կարևորեց մասնագիտական ուսուցումը ռազմաուսումնական հաստատություններում, այլև մեծ նշանակություն տվեց ուսուցման ընթացքում գիտական աշխատանքների կատարմանը և փորձի կուտակմանը: Ինչպես նաև կարևորեց գիտական մակարդակում շփումները ինչպես ՌՈՒՀ-երի պրոֆեսորադասախոսական կազմի, այնպես էլ այլ երկրներից ժամանած ունկնդիրների հետ` ընդգծելով առաջատար չափանիշների ձեռք բերումը, որոնք էլ այսօր ապահովում են բանակների, զինված ուժերի մարտունակությունը, ընդհանուր խնդիրների կատարման գործընթացը:
Ս.Օհանյանն անկեղծացավ նաև, որ որքան բանիմաց և գրագետ են զինծառայողները, այնքան դյուրին է բանակում նրանց զինվորական մասնագիտական պատշաճ մակարդակի հասցնելը:
Հանդիպման ընթացքում Ս.Օհանյանն անդրադարձավ նաև ՌԴ ռուհերում ուսանող սպաների, ունկնդիրների սոցիալ-կենցաղային խնդիրներին:
Հանդիպման ավարտին նախարարը պատասխանեց ունկնդիրների հարցերին:
ՌԴ ռուհերի հայ ունկնդիրների հետ հանդիպումից անմիջապես հետո ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հանդիպեց Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ, Ռուսաստանի դեսպան Գեորգի Տեր-Ղազարյանի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև պահեստազորի գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:
Հանդիպման ընթացքում Ս.Օհանյանը, վերջիններիս խնդրանքով, ներկայացրեց ներկա վիճակը ՀՀ զինված ուժերում: Նախարարը խոսեց իրականացվող բարեփոխումների, կառուցվածքային փոփոխությունների մասին: Նաև նշեց, որ այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների ճիշտ իրականացումը կնպաստի զինված ուժերի մարտունակության, երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակի բարձրացմանն ու ամրապնդմանը, և այս պարագայում կարևորեց նաև արցախյան գոյամարտի ընթացքում ունեցած ձեռքբերումների պահպանումը:
Հանդիպման ավարտին Ռուսաստանի դեսպան Գ.Տեր-Ղազարյանի և պահեստազորի գեներալ-լեյնտենանտ Ն.Տեր-Գրիգորյանցը Ս.Օհանյանին ներկայացրեցին հայ համայնքի վիճակը Ռուսաստանում և խոսեցին համայնքի առկա խնդիրների մասին: