Ս.Օհանյանը հանդիպեց անհայտ կորածների ծնողների և հարազատների հետ
26 Հունիսի, 2008 00:00Ս.թ հունիսի 26-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց անհայտ կորածների ծնողների և հարազատների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արմեն Երիցյանը:
Հանդիպման սկզբում նախարարը նախ ողջունեց մասնակիցներին, ապա պարզաբանեց որոշ մանրամասներ. «Մարտակերտում իրականացված մարտական գործողություններն ամենալայնածավալն են եղել: Տեղանքն այնպիսինն է, որ դիրքերն իրարից հեռու են գտնվել խաղողի խիտ այգիների պատճառով, ինչը խոչընդոտել է ռազմական տեխնիկայով գործողություններ կատարելուն և ինչի պատճառով էլ պաշտպանությունը կազմակերպվել է բնակավայրերի մոտ: Սա բերել է նրան, որ առաջին գծում առաջացել են ճեղքեր: Ի դեպ 1992թ.-ին այդ հատվածում կարողացել ենք թշնամու առաջխաղացումը կանգնեցնել միայն մեր արագության շնորհիվ»:
Ս.Օհանյանը հավելեց, որ ս.թ. հուլիսի 1-ին Բիշքեքում մասնակցելու է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, հանդիպում է ունենալու Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ, որին հաղորդելու է որոշ մտահոգություններ` զոհված ազատամարտիկների` պետական պատշաճ մակարդակով արտաշիրիմման հարցի կապակցությամբ: Նույնը անելու է նաև ՀՀ ոստիկանապետը` առաջիկայում ադրբեջանական իր գործընկերոջ հետ հանդիպմանը: Այնուհետև Հանձնաժողովի նախագահը և տեղակալը պատասխանեցին ծնողների հարցերին, տվեցին պարզաբանումներ:
Հանդիպման ավարտին հանձնաժողովը որոշեց պետական համապատասխան մարմինների աջակցությամբ վերոնշյալ ազատամարտիկների դիակների ԴՆԹ հետազոտմանն ու արտաշիրիմմանն ուղղված աշխատանքներին ներգրավել Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակին, գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող ԼՂՀ հանձնաժողովին` դրանք առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:
Ինչպես նաև ս.թ. հունիսի 29-ին, ժամը 0945 Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցել վերոնշյալ զոհված ազատամարտիկների հիշատակին, այնուհետև Երևանի Կամերային երաժշտության տանն անցկացնել անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվան նվիրված ցերեկույթ:
Հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հավաստիացրեց նաև, որ նման հանդիպումներ հաճախակի են կազմակերպվելու: