Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

24 Հունիսի, 2008 00:00
Ս.թ. հունիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հուն Ցզյուին և ռազմական կցորդ, ավագ գնդապետ Մա Յունբաոին:

Հանդիպման սկզբում Ս.Օհանյանը, ի դեմս դեսպանի, ցավակցություն հայտնեց չին ժողովրդին` վերջերս Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տասնյակ հազարավոր զոհերի, ինչպես նաև մարդատար գնացքի վթարից զոհվածների կապակցությամբ: Հուն Ցզյուին, շնորհակալություն հայտնելով նախարարին, նշեց, որ Չինաստանի կառավարությունն ու զինված ուժերը մեծ ուշադրություն են դարձնում մեր երկու երկրների բարեկամությանը և երկուստեք համագործակցությանը` ինչպես ռազմական, այնպես էլ մյուս ոլորտներում: Նա հատուկ ընդգծեց հայ և չին ժողովուրդների միջև դարավոր պատմությունը` հույս հայտնելով, որ այդ բարեկամությունը կլինի հարատև ու օգտավետ, և Չինաստանի պաշտպանության նախարարի անունից ՀՀ պաշտպանության նախարարին հանձնեց ս.թ. 4-րդ եռամսյակում Չինաստան կատարելիք պաշտոնական այցի հրավերքը: Հանդիպման ընթացքում Ս.Օհանյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Չինաստանի կառավարությանը և բանակի ղեկավարությանը` առ այսօր ցուցաբերած օգնության համար և պատրաստակամություն հայտնեց, մեր երկրի հնարավորությունների շրջանակներում, օգտակար լինել Չինաստանին: Կողմերը քննարկեցին նաև ռազմական բնագավառում երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և դրանք առավել խորացնելու հեռանկարներին առնչվող հարցեր` ևս մեկ անգամ ընդգծելով, որ Չինաստանն ու Հայաստանը եղբայրական երկրներ են, որ հատուկ ուշադրություն է հատկացվում մեր երկու երկրների ռազմական համագործակցությանը: Նշվեց նաև, որ այդ համագործակցությունը լավ հիմքերի վրա է դրված և այն օրեցօր խորանում է. այսօր Չինաստանում ռազմական բարձրագույն հաստատություններ են ավարտել 27 հայ սպաներ, իսկ 2007-2008 թթ. ռազմական ուսուցման պլանով Հայաստանի զինված ուժերին հատկացված է ևս 9 տեղ: Հանդիպման ավարտին կողմերը երկուստեք հաջողություններ մաղթեցին երկու երկնրների մարզիկներին` ս.թ. ամռանը Չինաստանում անցկացվելիք 29-րդ ամառային օլիմպիական խաղերին:
  • Տարածել