Երևանում մեկնարկեց վերջնական համադրման համաժողովը
24 Հունիսի, 2008 00:00Ս.թ. հունիսի 24-ին Երևանում մեկնարկեց «Համատեղ աղեղ, Համատեղ նիզակակիր և Խիզախ լուսան-2008» զորավարժությունների վերջնական համադրման համաժողովը:
Համաժողովի աշխատանքներին մասնակցում են 30 ազգության շուրջ 110 զինվորականներ: Նրանցից 37-ը ՆԱՏՕ-ի տարբեր հրամանատարություններից են, 63-ը` արդեն իսկ զորավարժություններին մասնակցելու պատրաստակամություն հայտնած 21 պետություններից: Իրենց սպաներին Հայաստան են գործուղել ՆԱՏՕ-ի անդամ 7 երկների (ԱՄՆ, Լեհաստան, Լիտվա, Կանադա, Հունաստան, Հունգարիա և Մեծ Բրիտանիա), ԳՀԽ անդամ 13` այդ թվում նաև Հայաստանը, (Ալբանիա, Ավստրիա, Շվեյցարիա, Բելառուս, Բոսնիա-Հերցեգովինա, Չեռնոգորիա, Ղազախստան, Մոլդովա, Սերբիա, Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետություն, Վրաստան և Ուկրաինա) և Ստամբուլյան համագործակցության նախաձեռնության մեկ (Միացյալ Արաբական Էմիրություններ) երկիր:
Վերջնական համադրման համաժողովի օրերին կշարունակվի զորավարժության պլանի մշակումը, կհամաձայնեցվեն իրավական հարցերը, կհամակարգվեն ուսումնավարժական միջոցառումների ծրագրերը, կամբողջացվեն անձնակազմի համալրման ցուցակները և այլն:
«Համատեղ Աղեղ-2008»-ը ՆԱՏՕ/ԳՀԽ արագ արձագանքման տարրերով բազմազգ բրիգադի շտաբի կողմից խաղաղապահ գործողությունների պլանավորման և վերահսկման հրամանատարաշտաբային զորավարժություն է, որի մասնակցում են շուրջ 350 սպա, ենթասպա, սերժանտ:
«Համատեղ նիզակակիր - 2008»-ը ՆԱՏՕ/ԳՀԽ դաշտային զորավարժություն է` բազմազգ խաղաղապահ գումարտակի մասնակցությամբ` ավելի քան 800 սպա, ենթասպա, սերժանտ:
Այս եռափուլ զորավարժության օրերին իրականին մոտ միջավայրում անցկացվող վարժական միջոցառումները կնպաստեն անձնակազմի խաղաղապահ գործողությունների հմտությունների յուրացմանը և դրանց ընթացքում կիրառվող հետևակային հմտությունների զարգացմանը: