Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

25 Հունիսի, 2008 00:00
Ս.թ. հունիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովին: Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորեց Ս.Օհանյանին` պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` հույս հայտնելով, որ երկուստեք համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի վերջինիս պաշտոնավարման ընթացքում:

Խոսելով օրեցօր խորացող երկկողմ հարաբերությունների մասին, նախարարն ասաց, որ հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությամբ հաստատված հարաբերություններն այսօր նախադեպը չունեն, որոնք կարևոր են թե հասարակական և թե պետական կառավարման բոլոր մակարդակներում: Ս.Օհանյանը նաև համոզմունք հայտնեց, որ անհրաժեշտ է հարաբերություններ զարգացնել հատկապես խաղաղապահ գործողությունների ոլորտում` փաստելով, որ ս.թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում կայանալիք զորավարժությանը Ֆրանսիայի հնարավոր մասնակցությունը կնպաստեր երկու երկրների զինված ուժերի փոխգործունակության զարգացմանը: Անդրադառնալով ռազմական համագործակցության 2008թ.-ի ծրագրերին` կողմերը քննարկեցին ռազմական բժշկությանը, լեզվի ուսուցմանն առնչվող հարցեր` հույս հայտնելով, որ երկու երկրների միջև վերջերս ակտիվացած շփումները կնպաստեն մոտ ապագայում ռազմական համագործակցության մասին համաձայնագրի կնքման: Նախարարը նաև շնորհակալություն հայտնեց դեսպանին` ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում բացված ֆրանսերեն լեզվի ուսուցման դասասենյակին ցուցաբերվող շարունակական օժանդակության և Ֆրանսիայի բարձրագույն հրամանատարական քոլեջի դասընթացներին տեղեր հատկացնելու համար, ինչը ռազմական կրթության բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներ է ստեղծում: Սերժ Սմեսովն, իր հերթին, նշեց, որ շատ բարձր է գնահատում Հայաստանի ջերմ վերաբերմունքն իր երկրի նկատմամբ` փաստելով երկկողմ հարաբերությունների գերազանց մակարդակը: Հանդիպման ավարտին կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և դրանք առավել խորացնելու հեռանկարներին առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ, նախանշվեցին անելիքները մոտ ապագայում: Խոսելով ԼՂ խնդրի կարգավորման հարցի շուրջ, կողմերը կարևորեցին վերջինիս լուծման խաղաղ ճանապարհը` ընդգծելով, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ ռազմական համագործակցություն իրականացնելիս, Ֆրանսիան պետք է պահպանի հավասարակշռություն` հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող:
  • Տարածել