Շարժական դաշտային հոսպիտալի բացազատում
25 Հունիսի, 2008 00:00Ս.թ. հունիսի 25-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ շարժական դաշտային հոսպիտալի (EMEDS) բացազատման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներ, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ռոբերտ Ֆրեյզերը և ռազմադիվանագիտական առաքելություն իրականացնող ռազմական կցորդներ:
Միջոցառումը հանդիսանում է ս.թ. հունիսի 9-ից 30-ը Հայաստանում ԱՄՆ զինված ուժերի հրահանգիչների օժանդակությամբ անցկացվող շարժական դաշտային հոսպիտալի շահագործման վարժանքի փուլերից մեկը: 1,2 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այս համակարգը ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչությանն է տրամադրվել ԱՄՆ կառավարության կողմից` 2007թ. հունվարին` «Արտաքին ռազմական ֆինանսավորում» (FMF) ծրագրի շրջանակներում: Այս շրջանակներում էլ ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչությունը նախորդ տարի ստացավ նաև լրացուցիչ 1 մլն ԱՄՆ դոլարի վիրաբուժական և բժշկական սարքավորումներ, ի լրումն որի և կազմակերպվեց ԱՄՆ ԶՈՒ հրահանգիչների կողմից անցկացվող եռափուլ դասընթաց:
Վերոնշյալ դասընթացի 1-ին փուլն անցկացվեց ս.թ. հունիսի 9-ից 13-ը, որի ընթացքում Կանզասի ազգային գվարդիականներից, ինչպես նաև Եվրոպայում ԱՄՆ ՌՕՈՒ շտաբի (USAFE) հրահանգիչներից կազմված խումբը ներկայացրեց համակարգի բացազատման առանձնահատկությունները: Ս.թ. հունիսի 16-ից 24-ը անցկացված 2-րդ փուլի ընթացքում ԱՄՆ ՌՕՈՒ` Տեխասի Բրուքս-սիթիի ռազմակայանից ժամանած հրահանգիչները հոսպիտալի անձնակազմին փոխանցեցին համակարգի` ԱՄՆ, ՆԱՏՕ կամ կոալիցիոն զինուժի հետ համատեղ շահագործման հմտությունները:
Իսկ ս.թ. հունիսի 25-ին մեկնարկեց ավարտական` 3-րդ փուլը, որը կավարտվի ս.թ. հոինիսի 30-ին և որի ընթացքում Եվրոպայում ԱՄՆ ՌՕՈՒ շտաբի հրահանգիչները EMEDS-ի հայ անձնակազմի և ապահովման օղակների հետ կանցկացնեն հոսպիտալի քանդման, փաթեթավորման, պահեստավորման ու գույքագրման դասընթաց: Բացի վերոնշյալ բուժսարքավորումներից, Հայաստան են առաքվել նաև 500.000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ ամերիկյան արտադրության երեք զինվորական բեռնատար մեքենա` նախատեսված շարժական դաշտային հոսպիտալի փոխադրման համար:
Շարժական դաշտային հոսպիտալը հնարավորություն կընձեռի ՀՀ պաշտպանության նախարարությանը` արտակարգ իրավիճակի պայմաններում բուժծառայություններ մատուցել ինչպես հանրապետության տարածքում, այնպես էլ աշխարհի ցանկացած կետում:
Այս համակարգի առկայությունը զգալիորեն կնպաստի նաև բացազատման ենթակա ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական պաշարների, ինչպես նաև ապագա խաղաղապահ կամ փրկարարական գործողություններին ՀՀ ԶՈՒ մասնակցության ընդլայնմանը: Ի դեպ, այս միջոցառումները հանդիսանում են դաշտային բժշկական ապահովման ոլորտում հայ-ամերիկյան ռազմական համագործակցության գագաթնակետը: Իսկ 2008-09թթ.-ին լրացուցիչ բժշկական դասընթացների անցկացման հեռանկարներն արդեն քննարկման փուլում են. Հայաստանում ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակը, որը գործում է ՀՀ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի և Շտուտգարտում տեղակայված ԱՄՆ ԶՈՒ Եվրոպական հրամանատարության ենթակայությամբ, ձգտում է խթանել պաշտպանության ոլորտում Հայաստանին ԱՄՆ կառավարության և արդյունաբերության կողմից օժանդակությունը:
Այսպիսով, Հայաստանում ԱՄՆ դեսպանության ՌՀԳ-ն շարունակում է համագործակցությունը ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության հետ` իրականացնելով EMEDS-ի կարողությունների հզորացմանն ու ընդլայնմանն ուղղված միջոցառումներն ու ուսումնական ծրագրերը:
EMEDS-ի ներգրավմամբ ամփոփիչ վարժանքը կկայանա Հայաստանում` այս տարվա ամռանը: