ՀՀ զինված ուժերը համալրվեցին 247 շրջանավարտներով
28 Հունիսի, 2008 00:00Ս.թ. հունիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ` ներկա լինելու ինստիտուտի` 2008թ. շրջանավարտների ավարտական շքերթին, որին ներկա էին նաև ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմը, հյուրեր, ծնողներ:
Արարողությունը հանդիսավոր խոսքով բացեց ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Գ.Գաբրիելյանը.
«Պարոնայք գեներալներ, սպաներ, կուրսանտներ, հարգելի հյուրեր,
ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն իր հերթական շրջանավարտն է ուղարկում Հայոց բանակ: ՀՀ պաշտպանության նախարարի` 2008թ. հունիսի 26-ի N 2870 հրամանով ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտոհրաձիգ, հրետանավոր և տանկիստ շրջանավարտներին շնորհվել է «լեյտենանտ» առաջին սպայական զինվորական կոչում:
Պարոնայք լեյտենանտներ,
Ուսումնառության տարիներին դուք ձեռք եք բերել մեր բանակի համար անհրաժեշտ գիտելիքներ, որոնք, հավատացած եմ, ծառայեցնելու եք ըստ նպատակի: Ռազմական ինստիտուտում դուք սովորել եք հայրենիք պաշտպանելու վեհ մասնագիտությունը: Այստեղ ձեր ստացած գիտելիքները, զենքին հմտորեն տիրապետելը, ֆիզիկական կարողությունները, շարային պատրաստությունը և սպային վայել կեցվածքը հավաստիացնում է մեզ, որ մենք մեր բանակի շարքերը համալրում ենք որակյալ սպաներով: Միշտ հիշեք, որ ավարտել եք ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը. մշտապես պետք է բարձր պահեք ինստիտուտի պատիվն ու հեղինակությունը: Այն լավագույնն ու արժեքավորը, որը ձեռք եք բերել այս պատերի ներքո, պետք է ծառայի մեկ նպատակի` անառիկ պահել մեր երկրի սահմանները:
Դուք այլ կյանք եք թևակոխում` սպայի կյանք, որը կուրսանտական կյանքից տարբերվում է նրանով, որ եթե մինչ այժմ ռազմական ինստիտուտի հրամանատարությունն է հոգացել ձեր բոլոր հոգսերը, ապա այժմ դուք պետք է արդեն հոգատարություն ցուցաբերեք զինվորի նկատմամբ. դուք պետք է լինեք օրինակելի ամեն ինչում, լինեք ազնիվ, համարձակ, խիզախ, պահանջկոտ, խիստ և արդարամիտ` բայց ոչ երբեք կոպիտ և դաժան:
Շնորհավորում եմ Ձեզ, մաղթում` բարի ծառայություն, հաջողություններ ծառայության մեջ և անձնական կյանքում:
Ձեզ բարի երթ»:
Այնուհետև նորաթուխ սպաներին ողջունեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որն իր շնորհավորական խոսքում մասնավորապես ասաց.
«Պարոնայք գեներալներ, սպաներ, ենթասպաներ, կուրսանտներ, հայրենակիցներ,
Սիրելի շրջանավարտներ,
Թույլ տվեք պաշտպանության նախարարության ողջ անձնակազմի, ղեկավարության և անձամբ իմ անունից շնորհավորել ձեզ` ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ: Այսօր ողջ հայ ժողովուրդն է հպարտություն ապրում. հերթական` 11-րդ անգամն ենք ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում շրջանավարտների թողարկում իրականացնում և Հայոց բանակը համալրվում է հարուստ գիտելիքներով և փորձով օժտված սպայական կազմով: Մի բանակ, որը փառավոր ճանապարհ է անցել, հղկվել փորձություններով և դժվարություններով և ազգային ազատագրական շարժման ժամանակ արել ամեն ինչ, որպեսզի մեր ժողովուրդը խաղաղ արարում իրականացնի:
Հանդիսանալով անվտանգության երաշխիք, մեր զինված ուժերն այսօր տարածաշրջանում բավական մեծ համբավ են վայելում առաջին հերթին ողջ անձնակազմի և հրամանատարական կազմի առաջնորդությամբ:
Ասյօր երախտիքի խոսք պետք է ասել մեր շրջանավարտներին և կուրսանտներին, նաև ռազմական ինստիտուտի հրամանատարական և պրոֆեսորադասախոսական կազմին, որոնք այս տարիների ընթացքում ծնողի դեր են կատարել: Դուք ձեր զավակներին ուղարկում եք ամենահայրենանվեր` հայրենիքին ծառայելու սուրբ գործին: Հայոց բանակն այսօր բարեփոխումներ է ապրում և այդ բարեփոխումների շրջանակներում կառուցվածքային ու հաստիքային փոփոխությունների հետ մեկտեղ կադրային քաղաքականությունն ու զորամասերը և զորամիավորումները հմուտ սպաներով համալրումը մեր առաջնահերթ ծրագրերից մեկն է: Հուսով ենք, որ այսօրվա շրջանավարտներն իրենց ներդրումը կունենան բարեփոխումների իրականացման գործընթացում, որն ուղղված է մեր բանակի մարտունակության ամրապնդմանը, հետագա զարգացմանն ու կատարելագործմանը` միասին դիմակայելու ցանկացած ագրեսսիա:
Բարի երթ եմ մաղթում ձեզ և դիմում Գարեգին Նժդեհի խոսքերով.
«Միայն ու միայն հայրենասիրությամբ և փառասիրությամբ օժտված զինծառայողներն են կարողանում զենքի և ազգի փառքը հասցնել իր գագաթնակետին. ծառայել հենց այնպես, ծառայել` ուսադիրներ կրելով հանուն մի կտոր հացի` նշանակում է դատապարտված լինել սովորական մահկանացուի աննշանակ և անփառունակ վախճանին: Վայ քեզ բանակ, եթե քո շարքերը հարուստ են նմաններով»:
Մենք այսօր հպարտությամբ կարող ենք ասել, որ Հայոց բանակի շարքերը համալրված են հմուտ և գրագետ սպաներով:
Շնորհավորում եմ բոլորիդ` մաղթում հաջողություն և փայլուն ռազմական կարիերա»:
Շնորհավորական խոսք հղացան նաև շրջանավարտներ, կուրսանտներ, ծնողներ, որից հետո տեղի ունեցավ շրջանավարտների ավարտական հանդիսավոր քայլերթ: Այնուհետև Ս.Օհանյանը հանդիպեց լրագրողների հետ:
Լրագրողի այն հարցին, թե ինչ խուրհուրդ կտար շրջանավարտներին Ս.Օհանյանը որպես պաշտպանության նախարար և որպես հայր, նախարարը պատասխանեց, որ յուրաքանչյուր հայ քաղաքացի պետք է իմանա, որ սպան հերոսական մասնագիտություն է, որ Հայաստանի Հանրապետությունը և նրա զինված ուժերը առաջընթաց են ապրում և այս նորաթուխ սպաներն են, որ իրենց հարուստ գիտելիքներով մտնելու են բանակ` լրացնելու մեր հերոս զորավարների համաստեղությունը. «Յուրաքանչյուր անգամ ռազմական ինստիտուտ մտնելիս մենք բոլորս էլ մտովի տեղափոխվում ենք այն ժամանակահատվածը, երբ մենք էինք սովորում ռազմական ուսումնական հաստատություններում: Հպարտության զգացում եմ տածում միայն, որ ունենք արժանի զավակներ, արժանի փոխարինողներ: Շրջանավարտներին խորհուրդ տվեցի լսել հրամանատարներին, նրանց խրատները, իրենց գործողություններում լինել միայն համարձակ, անկաշկանդ և հաստատակամ, քանզի մեզ այսօր պետք են միայն համարձակ հրամանատարներ և զինծառայողներ: Խորհուրդ տվեցի նաև տեսնել և բազմապատկել զինված ուժերում առկա լավը, նաև ոչ թե համակերպվել առկա թերություններին, այլ վերացնել դրանք. լինել արժանի փոխարինողներ»:
Լրագրողների` թե «ինչու է Ս.Օհանյանն ընտրել զինվորականի մասնագիտությունը` կրթվելով և դաստիարակվելով մանկավարժի ընտանիքում» հարցի առնչությամբ նախարարը ասաց.«Որովհետև սիրել եմ այդ մասնագիտությունը, որովհետև այն ժամանակ ռազմահայրենասիրական դաստիարակությունը բարձր հիմքերի վրա էր դրված: Ընտրել եմ` տեսնելով ու ոգևորվելով տարբեր զինվորականներից, մասնավորապես մեր հայ ժողովրդի զորավարներից: Իրոք այս մասնագիտությունը նման է մանկավարժի մասնագիտությանը, որովհետև յուրաքանչյուր հրամանատար, յուրաքանչյուր պետ առաջին հերթին մանկավարժ է` օժտված մանկավարժական կուլտուրայով, որը տիրապետում է դաստիարակության հիմունքներին, ինչն ամենակարևորն է մերօրյա իրողության մեջ»:
Իսկ ռազմագերիների վերաբերյալ հարցին նախարարը պատասխանեց, որ նրանց առողջական վիճակը նորմալ է և շարունակվում են վերջիններիս` հայրենիք վերադարձնելուն ուղղված աշխատանքները:
Հանդիավոր արարողության ավարտից հետո մեկնարկեց շրջանավարտների` վիճակահանությամբ համապատասխան պաշտոնների նշանակման գործընթացը: Ի դեպ, 247 շրջանավարտներից միայն 15-ին հնարավորություն ընձեռվեց ծառայության անցնել նախընտրած որևէ զորամասում. նրանցից 10-ը գերազանց առաջադիմությամբ շրջանավարտներ են, 3-ը` երկկողմանի ծնողազուրկ իսկ 2-ը` զոհված ազատամարտիկների զավակներ: