Ս.Օհանյանը մասնակցեց ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
2 Հուլիսի, 2008 00:00Երկօրյա աշխատանքային այցով Ղրղզստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ս.թ. հուլիսի 2-ին մասնակցեց ԱՊՀ անդամ-պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:
Նիստի ընթացքում քննարկվեցին և ստորագրվեցին ռազմական համագործակցության բնագավառի, այդ թվում նաև հակաօդային պաշտպանության, ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի օդանավերի թռիչքների անվտանգության, ռազմագիտական տեղեկատվության փոխանակման համակարգի ստեղծման և այլ ոլորտների վերաբերյալ մի շարք փաստաթղթեր:
Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը` այս պաշտոնում առաջին անգամ, հանդիպում ունեցավ նաև Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների զինված ուժերի շփման գոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազեցմանն առնչվող, ինչպես նաև անհայտ կորած ազատամարտիկների և Ադրբեջանում գտնվող հայ գերիների ճակատագրի վերաբերյալ խնդիրներ:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց վերոնշյալ հարցերին հետագայում հնարավորինս անդրադառնալու վերաբերյալ: