Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանում Հունաստանի ռազմական կցորդին
4 Հուլիսի, 2008 00:00Ս.թ հուլիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Աթանասիոս Խաձիվիերիսին` վերջինիս` Հայաստանում ռազմադիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Հանդիպման սկզբում Ս.Օհանյանը շնորհակալություն հայտնեց Ա.Խաձիվիերիսին` պաշտոնավարման ընթացքում երկուստեք ռազմական համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրան` հետագա դիվանագիտական առաքելություն իրականացնելու գործում:
Իր հերթին Ա.Խաձիվիերիսն իր գոհունակությունը հայտնեց հունական ստորաբաժանման կազմում Կոսովոյում խաղաղարար առաքելություն իրականացնող հայկական խաղաղապահ վաշտի մասնագիտական բարձր պատրաստվածության համար:
Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների համատեքստում ռազմական, ռազմատեխնիկական և ռազմաուսումնական համագործակցության ներկա վիճակին, կողմերը փաստեցին այդ համագործակցության խորացման անհրաժեշտությունը, ինչը զգալի է հատկապես ռազմական կրթության և խաղաղապահ առաքելության ոլորտներում:
Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցի շուրջ, կողմերը կարևորեցին խնդրի խաղաղ կարգավորման ճանապարհը: Քննարկվեցին նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպման ավարտին կողմերը մտքեր փոխանակեցին մեր երկրի զինված ուժերում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: