Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպանին
9 Հուլիսի, 2008 00:00Ս.թ. հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Քրինա Պրունարիուին և փոխգնդապետ Կորնելիու Կալիստրուին` վերջինիս` ՀՀ-ում Ռումինիայի ռազմական կցորդ նշանակվելու կապակցությամբ:
Հանդիպման սկզբում Ս.Օհանյանը շնորհավորեց նորանշանակ ռազմական կցորդին` հույս հայտնելով, որ երկուստեք ռազմական համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի վերջինիս պաշտոնավարման ընթացքում և հաջողություն մաղթեց նրան` Հայաստանում առաքելություն իրականացնելու գործում:
Նորանշանակ ռազմական կցորդը շնորհակալություն հայտնեց պաշտպանության նախարարին բարեմաղթանքների համար և հավաստիացրեց, որ նոր եռանդով կշարունակի իր նախորդի` փոխգնդապետ Ռադու Ֆիլիպի աշխատանքը` երկուստեք համագործակցությունը որակապես նոր մակարդակի բերելու նպատակով:
Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձան երկու երկրների միջև իրականացվող քաղաքական և տնտեսական երկկողմ համագործակցությանը` ընդգծելով այդ համագործակցությունը հատկապես ռազմական ոլորտում խորացնելու անհրաժեշտությունը:
Ս.Օհանյանը նշեց, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնում զարգացնել համագործակցությունը հատկապես խաղաղապահ ոլորտում` իր ուժերի սահմաններում աջակցելով նաև Աֆղանստանում իրականացվող գործողություններին:
Նախարարը կարևորեց նաև համագործակցությունը ռազմաուսումնական բնագավառում` ընդգծելով առկա լայն հնարավորությունները: Ի դեպ, այս ուղղությամբ տարվում են երկուստեք աշխատանքներ` համապատասխան երկկողմ փաստաթղթի մշակման և համաձայնեցման նպատակով. երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության առկա ներուժը պահանջում է անցնել առավել գործնական քայլերի:
Կողմերը խոսեցին նաև Հայաստանի` եվրոպական ինտեգրման ուղեգիծ որդեգրելու և եվրոպական կառույցների հետ համատեղ ծրագրերի միջոցով, մասնավորապես ՆԱՏՕ-ի հետ ԱԳԳԾ շրջանակներում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ` փաստելով, որ ՀՀ պաշտպանական բարեփոխումները պետք է իրականացվեն եվրաատլանտյան չափանիշներին համապատասխան: