Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանին
9 Հուլիսի, 2008 00:00Ս.թ. հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Անդրեա Վիկտորինին:
Հանդիպման սկզբում տիկին Ա.Վիկտորինը շնորհավորեց Ս.Օհանյանին` պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Նախարարը շնորհակալություն հայտնեց դեսպանին` ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում գործող գերմաներեն լեզվի ուսուցման դասասենյակին ցուցաբերվող շարունակական օժանդակության, ինչպես նաև ԳԴՀ պաշտպանության նախարարության կողմից ՀՀ պաշտպանության նախարարությանը բժշկական պարագաների անվճար տրամադրման, ռազմական կրթության ոլորտում համագործակցության` մասնավորապես բարձրագույն սպայական կազմի համար նախատեսված դասընթացների համար:
Ս.Օհանյանը նշեց, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնում զարգացնել համագործակցությունը հատկապես խաղաղապահ ոլորտում` իր ուժերի սահմաններում աջակցելով նաև Աֆղանստանում իրականացվող գործողություններին, որտեղ ԳԴՀ-ն ևս 1000-ով ավելացրել է իր զինծառայողների թիվը` հասցնելով այն 4.500-ի: Իսկ այս տարվա աշնանը Հայաստանում կայանալիք «Համատեղ աղեղ և Համատեղ նիզակակիր 2008» զորավարժությանը Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչների մասնակցությունը կնպաստի երկու երկրների զինված ուժերի փոխգործունակության զարգացմանը:
Ս.Օհանյանը նաև բարձր գնահատեց ՀՀ-ում ԳԴՀ ռազմական կցորդ, գնդապետ Պ.Շվանի գործունեությունն ու ջանքերը` ուղղված Հայաստանի և Գերմանիայի միջև ռազմական համագործակցության զարգացմանը:
Կողմերը խոսեցին նաև Հայաստանի` եվրոպական կառույցների հետ համատեղ ծրագրերի միջոցով, մասնավորապես ՆԱՏՕ-ի հետ ԱԳԳԾ շրջանակներում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ` փաստելով, որ ՀՀ պաշտպանական բարեփոխումները պետք է իրականացվեն եվրաատլանտյան չափանիշներին համապատասխան: