Խորհրդակցություն` նվիրված «Ռուբեժ 2008»-ին
11 Հուլիսի, 2008 00:00Ս.թ. հուլիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը խորհրդակցություն անցկացրեց` նվիրված «Ռուբեժ 2008» զորավարժությանը:
Խորհրդակցությանը մասնակցում էր ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ողջ ղեկավար և հրամանատարական կազմը, ինչպես նաև հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից:
Ս.Օհանյանը նախ ողջունեց մասնակիցներին` նշելով, որ խորհրդակցության նպատակն է «Ռուբեժ 2008» զորավարժության` այս ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների վերաբերյալ ցուցումներ տալը, խնդիրների ամփոփումը:
Անդրադառնալով զորավարժության նախապատրաստական աշխատանքների արդյունքներին, Ս.Օհանյանը հայտնեց, որ վերջնականապես ճշտված են «Ռուբեժ 2008» քառափուլ զորավարժության անցկացման բոլոր ժամկետները, ընդ որում, առաջին երկու փուլերը ռազմաքաղաքական նշանակություն ունեն: Իսկ 3-րդ և 4-րդ փուլերը զորավարժության անցկացման հիմնական փուլերն են` ս.թ. հուլիս-օգոստոս ամիսներին` Հայաստանում:
Ս.Օհանյանը նշեց նաև, որ զորավարժության վերջին փուլի ավարտին կանցկացվի շարային հանդիսավոր քայլերթ` ՀԱՊԿ մասնակից պետությունների զինված ուժերի` «Ռուբեժ 2008» զորավարժության մասնակից ստորաբաժանումների մասնակցությամբ, իսկ զորավարժության ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողները կխրախուսվեն և կպարգևատրվեն:
Խորհրդակցության ավարտին նախարարը հանձնարարեց ամենայն լրջությամբ ավարտին հասցնել զորավարժության անցկացման նախապատրաստական աշխատանքները` ապա և բուն զորավարժությունը: