Խորհրդակցություն` ՀՀ ՊՆ 2008թ. ուս. տարվա 2-րդ կիսամյակի վերաբերյալ
11 Հուլիսի, 2008 00:00Ս.թ. հուլիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, «Ռուբեժ 2008» զորավարժության շրջանակներում անցկացված խորհրդակցությունից անմիջապես հետո անցկացրեց ևս մեկ խորհրդակցություն` 2008թ. ուսումնական տարվա 2-րդ ուսումնական փուլը պատշաճ մակարդակով անցկացնելու համար իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
Խորհրդակցության ընթացքում նախարարը կարևորեց զորքերում իրականացվող այն միջոցառումները, որոնք ուղղված են զինված ուժերի զարգացմանը. քաղաքական, հրամանատարական տեղեկատվության մատուցում, դաստիարակչական աշխատանքներ, իրավական պատրաստություն. «Լավ գիտենք իրավունքներն ու պարտականությունները` քիչ ենք առնչվում քրեական օրենսգրքի հետ, քիչ գիտենք` շատ ենք առնչվում»:
Ս.Օհանյանը հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել այն սպաներին, որոնք ռազմամասնագիտական կրթություն են ստացել կամ որակավորում անցել օտարերկրյա տարբեր բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում, քանզի վերջիններիս կարողություններն ու ունակությունները ոչ լիարժեք և ոչ նպատակին են օգտագործվում:
Նախարարը հանձնարարեց նաև խստագույնս հետևել ՀՀ Նախագահի` կոռուպցիայի դեմ կոշտ պայքար ծավալելու, ինչպես նաև քաղաքացիների և անձնակազմի ընդունելությունները կանոնակարգելու վերաբերյալ հանձնարարականներին:
Խորհրդակցության ավարտին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովն առաջարկեց մշակել նախագիծ` քաղաքացիական տարրի ներդրումը զինված ուժերում աստիճանաբար իրականացնելու` ՀՀ ՊՆ համակարգի ղեկավարման գործընթացը չխաթարելու նպատակով, ինչպես նաև անցկացնել մասնագիտական որակավորում` մասնագիտական ոչ բավարար գիտելիքներ ունեցող զինծառայողներին աշխատանքից ազատելու կամ համապատասխան ցածր պաշտոնի նշանակելու նպատակով:
Խորհրդակցության ավարտին Ս.Օհանյանը հանձնարարականներ տվեց նաև ՀՀ ՊՆ նորակառույց համալիրի ավարտական աշխատանքների վերաբերյալ, որից հետո ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի առավել նեղ շրջանակներում լսվեցին ՀՀ ԶՈՒ ուսումնական բրիգադի, ինչպես նաև ուսումնական գնդի վերաբերյալ հաշվետվությունները: Ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը ցուցումներ տվեց իրականացվող ընթացիկ աշխատանքների վերաբերյալ: