Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
15 Հուլիսի, 2008 00:00Ս.թ. հուլիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Րինա Պանդեյին:
Հանդիպման սկզբում Ս.Օհանյանն իր խորին ցավակցությունը հայտնեց դեսպանին ս.թ. հուլիսի 7-ին Քաբուլում Հնդկաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով զոհված Հնդկաստանի քաղաքացիների կապակցությամբ` խստիվ դատապարտելով այդ վայրագ գործողությունը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան երկու երկրների միջև իրականացվող քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և կրթական երկկողմ համագործակցությանը` ընդգծելով այդ համագործակցությունը հատկապես ռազմաարդյունաբերական և պաշտպանական ոլորտներում սկսելու անհրաժեշտությունը: Ս.Օհանյանը նշեց, որ Հայաստան-Հնդկաստան բարեկամական հարաբերություններն արժևորվում են նաև նրանով, որ դրանք արտահայտում են պատմական ավանդույթները շարունակելու մեր երկու ժողովուրդների ձգտումը:
Նախարարը կարևորեց նաև համագործակցությունը ռազմաուսումնական բնագավառում` ընդգծելով առկա լայն հնարավորությունները: Ի դեպ, ՀՀ զինված ուժերի սպայակազմին հնարավորություն է ընձեռվել Հնդկաստանում անգլերեն լեզու ուսանել` Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակներում:
Հանդիպման ավարտին կողմերը հույս հայտնեցին, որ հայ-հնդկական հարաբերություններն ու բարեկամական կապերն էլ ավելի կամրապնդվեն` համագործակցության նոր` այդ թվում նաև ռազմական, ոլորտներ ընդգրկելով: