Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպանին
15 Հուլիսի, 2008 00:00Ս.թ. հուլիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Օննո Էլդերենբոշին:
Հանդիպման սկզբում նախարարը նշեց, որ երկու երկրների միջև խնդիրների բացակայությունը, հայ և հոլանդացի ժողովուրդների փոխադարձ համակրանքն ու բարեկամությունը ամուր հիմքեր են ստեղծել մի շարք ոլորտներում արդյունավետ համագործակցություն զարգացնելու համար և որ նման հարաբերությունները խթանող հանգամանքներից է նաև Նիդերլանդների կառավարության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության խնդրի վերաբերյալ: Ս.Օհանյանը փաստեց նաև, որ Հայաստանը թևակոխել է Եվրոպայի հետ հարաբերությունների որակական նոր փուլ և որ լուրջ քայլեր են ձեռնարկվում եվրոպական երկրների հետ ռազմական և ռազմաքաղաքական բնագավառում համագործակցությունը պատշաճ մակարդակի հասցնելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում Ս.Օհանյանը նշեց, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնում զարգացնել համագործակցությունը հատկապես խաղաղապահ ոլորտում` իր ուժերի սահմաններում աջակցելով նաև Աֆղանստանում իրականացվող գործողություններին, որտեղ Նիդերլանդները շուրջ 1800 հոգանոց զորակազմ են տեղակայել, ինչպես նաև հավելեց, որ հաշվի առնելով ՀՀ զինված ուժերի` ներկայումս ակտիվ բարեփոխումների փուլում գտնվելու հանգամանքը, ՀՀ պաշտպանության նախարարությունը շահագրգռված է հոլանդական կողմի հետ ռազմական համագործակցություն ծավալել:
Հանդիպման ավարտին կողմերը հույս հայտնեցին, որ հայ-հոլանդական հարաբերություններն ու բարեկամական կապերն էլ ավելի կամրապնդվեն` համագործակցության նոր` այդ թվում նաև ռազմական, ոլորտներ ընդգրկելով: