Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպանին
21 Հուլիսի, 2008 00:00Ս.թ. հուլիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին:
Հանդիպման սկզբում Ս.Օհանյանը փաստեց, որ Մեծ Բրիտանիան ժողովրդավարական ավանդական արժեքներ ու ավանդույթներ ունեցող, ինչպես նաև Եվրոպական Միության առանցքային երկրներից է, որի հետ ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակելու է պաշտպանության բնագավառում համագործակցության շարունակական զարգացումը:
Ս.Օհանյանը փաստեց նաև, որ Հայաստանը թևակոխել է Եվրոպայի հետ հարաբերությունների որակական նոր փուլ և որ լուրջ քայլեր են ձեռնարկվում եվրոպական երկրների հետ ռազմական և ռազմաքաղաքական բնագավառում համագործակցությունը պատշաճ մակարդակի հասցնելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում նախարարը նշեց, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնում զարգացնել համագործակցությունը հատկապես խաղաղապահ ոլորտում` իր ուժերի սահմաններում աջակցելով նաև Աֆղանստանում իրականացվող գործողություններին, որտեղ Մեծ Բրիտանիան շուրջ 8.500 հոգանոց զորակազմ է տեղակայել, ինչպես նաև հավելեց, որ հաշվի առնելով ՀՀ զինված ուժերի` ներկայումս ակտիվ բարեփոխումների փուլում գտնվելու հանգամանքը, կարևորվում է վերոնշյալ երկրների ռազմական համագործակցությունը:
Ս.Օհանյանը նշեց նաև, որ ողջունելի է Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը ս.թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում կայանալիք «Համատեղ աղեղ, Համատեղ նիզակակիր 2008» զորավարժությանը` փաստելով, որ մասնակցությունը նման միջոցառումներին նպաստում է երկու երկրների զինված ուժերի փոխգործունակության զարգացմանը:
Կողմերը քննարկեցին նաև ռազմական բնագավառում երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և դրանք առավել խորացնելու հեռանկարներին առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին Ս.Օհանյանը, ի դեմս դեսպանի, շնորհակալություն հայտնեց բրիտանական կառավարությանը` առ այսօր ցուցաբերած օգնության համար և պատրաստակամություն հայտնեց, մեր երկրի հնարավորությունների շրջանակներում, օգտակար լինել վերջիններիս: