Ս.Օհանյանն ընդունեց ՉԺՀ ռազմական պատվիրակությանը
21 Հուլիսի, 2008 00:00Ս.թ. հուլիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց երկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ռազմական պատվիրակությանը` գեներալ-մայոր Դեն Ցզինգունի գլխավորությամբ:
Հանդիպման սկզբում Ս.Օհանյանը հույս հայտնեց, որ չնայած այցը կարճատև է, այնուամենայնիվ այն կլինի արդյունավետ` ծառայելով հայ-չինական ռազմական համագործակցության հետագա խորացմանը:
Գեներալը, շնորհակալություն հայտնելով նախարարին, իր հերթին նշեց, որ Չինաստանի կառավարությունն ու զինված ուժերը մեծ ուշադրություն են դարձնում երկուստեք համագործակցությանը` ինչպես ռազմական, այնպես էլ մյուս ոլորտներում` հույս հայտնելով, որ այդ համագործակցությունը կլինի հարատև ու օգտավետ:
Հանդիպման ընթացքում Ս.Օհանյանը շնորհակալություն հայտնեց Չինաստանի կառավարությանը և բանակի ղեկավարությանը` առ այսօր ցուցաբերած օժանդակության համար և պատրաստակամություն հայտնեց, մեր երկրի հնարավորությունների շրջանակներում, օգտակար լինել Չինաստանին:
Կողմերը քննարկեցին նաև ռազմական բնագավառում երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և դրանք առավել խորացնելու հեռանկարներին առնչվող հարցեր` նշելով, որ այդ համագործակցությունը լավ հիմքերի վրա է դրված և օրեցօր խորանում է. մինչ օրս Չինաստանի բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններ են ավարտել 27 հայ սպաներ, իսկ 2007-2008 թթ. ռազմական ուսուցման պլանով Հայաստանի զինված ուժերին հատկացված է ևս 9 տեղ:
Հանդիպման ավարտին կողմերը երկուստեք հաջողություններ մաղթեցին երկու երկնրների մարզիկներին` ս.թ. ամռանը Չինաստանում անցկացվելիք 29-րդ ամառային օլիմպիական խաղերին: