Աշխատանքային այցեր «ՌՈՒԲԵԺ 2008» զորավարժության շրջանակներում
23 Հուլիսի, 2008 00:00Ս.թ. հուլիսի 23-ին Երևանում մեկնարկած «Ռուբեժ 2008» հրամանատարա-շտաբային համատեղ զորավարժության աշխատանքային խումբն այցելեց զորավարժությանը ներգրավված պետական այլ կառույցներ, հանդիպումներ ունեցավ տարբեր գերատեսչություններում ստեղծված աշխատանքային խմբերի հետ:
Ինչպես նաև կազմակերպվեցին քննարկումներ, որոնց ընթացքում վեր հանվեցին տարբեր գերատեսչություններում` (ՀՀ տարածքային կառավարման, էներգետիկայի, քաղաքաշինության, գյուղատնտեսության, առողջապահության, էկոնոմիկայի, կապի և տրանսպորտի նախարարություններ) զորավարժության լիարժեք անցկացմանը խոչընդոտող տարբեր խնդիրներ, տրվեցին դրանց վերացմանն ուղղված համապատասխան ցուցումներ:
Աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանը, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում, պարզաբանեց, որ աշխատանքային հանդիպում-քննարկումների նպատակն է ճշտել, արդյո±ք զորավարժությանը ներգրավված գերատեսչություններն ունեն բավարար ռեսուրսներ` իրականացնելու համար ռազմական դրության ժամանակ իրենց առաջադրված խնդիրները, ինչը թույլ կտա մեզ իրական վտանգի դեպքում ռեալ գնահատել մեր ուժերն ու հնարավորությունները. «Սա շատ կարևոր է, քանի որ այս դեպքում կկարողանանք նվազագույն կորուստներով դիմակայել հավանական ագրեսիային: Երեկ ՀՀ պաշտպանության նախարարն իր զեկույցում ներկայացրեց ռազմական, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարը` քաղաքական իրավիճակը, և այս իրավիճակում մենք պետք է գնահատենք մեր ներուժը` համապատասխան միջոցներ ձեռնարկելու հարկ եղած դեպքում ՀԱՊԿ-ին աջակցելու նպատակով: Յուրաքանչյուր գերատեսչություն հստակ պետք է իմանա իր կարողություններն ու անելիքները` ռազմական դրության դեպքում իրեն առաջադրված խնդիրներն իրականացնելու համար»:
Այնուհետև աշխատանքային խումբն այցելեց Երևանի քաղաքապետարան, ապա` քաղաքացիական ավիացիայի վարչություն:
Վաղը վերոնշյալ գերատեսչություններն աշխատանքային խմբին կներկայացնեն իրենց զեկույց-առաջարկները, որտեղ հստակ կնշվի` պատրաստ է արդյո±ք տվյալ գերատեսչությունը ռազմական դրության դեպքում իրեն առաջադրված խնդիրներն իրականացնել, թե± ոչ: Այդ զեկույցներում կտրվեն նաև առաջարկներ` առկա թերություններն ու խոչընդոտները, ինչպես նաև վերոնշյալ պետական կառույցների համագործակցությանն առնչվող խնդիրները վերացնելու ուղղությամբ: