ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 100 ՕՐ
23 Հուլիսի, 2008 00:00Ս.թ. հուլիսի 23-ին Երևանի «Գոլդեն Փելես» համալիրում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանդիպում-ֆուրշետը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Միջոցառմանը հրավիրված էին ՀՀ գերատեսչությունների մամլո քարտուղարները, մամլո ծառայությունների ղեկավարները, լրատվական ծառայությունների, հեռուստատեսությունների, թերթերի, ամսագրերի, ռադիոգործակալությունների և մամուլի ակումբների ղեկավարները, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների` ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրված ներկայացուցիչներն` առանց սահմանափակման:
Ս.Օհանյանը նախ ողջունեց հրավիրվածներին` իր հանդիսավոր խոսքում մասնավորապես ասելով.
«Մեզանում արդեն ավանդույթ է դարձել, որ յուրաքանչյուր պաշտոնյա` իր պաշտոնավարման 100-րդ օրը ներկայացնում է այդ ժամանակահատվածում կատարած իր աշխատանքները: Մեր նախորդ հանդիպումների ընթացքում ես խոստացել եմ մշտական համագործակցության մեջ լինել զանգվածային լրատվամիջոցների հետ և փորձել եմ այս 100 օրվա ընթացքում փորձել եմ սերտացնել այդ կապը:
100 օրը, ինչ խոսք, կարճ ժամանակահատված է մեծ աշխատանքներ կատարելու համար, սակայն նշեմ, որ ես շարունակել եմ զինված ուժերի առջև ծառացած խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները` «Զինված ուժերի պատրաստությանը` նոր որակ, պաշտպանական բարեփոխումներին` հաստատուն ընթացք» կարգախոսի ներքո, որը ենթադրում է նորովի մոտեցում` զինված ուժերում իրականացվող գործընթացներին: Այս առումով էլ իմ ուշադրության կենտրոնում հիմնականում եղել է իրականացվող բարեփոխումների` ՀՀ Նախագահի կողմից հաստատված ծրագիրը:
Իմ ուշադրության կենտրոնում է եղել նաև հասարակական իրազեկման խնդիրը. զինված ուժերը, ինչպեսև պետական այլ գերատեսչությունները, մասն են կազմում մեր հասարակության և բաց պետք է լինեն վերջինիս համար:
Այս ժամանակահատվածում իրականացված առավել կարևոր և առանձնահատուկ միջոցառումներից կընդգծեի ղեկավար օրգանների պատրաստությունը` հրամանատարական օպերատիվ պատրաստության համակարգում իրականացվող միջոցառումները, ինչպես նաև պայմանագրային սերժանտական համակարգի ներդրումը և կատարելագործումը, զինծառայողների սոցիալական պաշտպանվածությանն ուղղված խնդիրների իրականացումը` մասնավորապես ծառայողական և ոչ ծառայողական բնակարանների բաշխումը, զինծառայողներին հիփոթեկային հարմար պայմաններով վարկ տրամադրելու հայեցակարգի մշակումը, զինված ուժերի` նոր սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով, նյութատեխնիկական բազայով հագեցման ու թարմացման աշխատանքները:
Իհարկե, բանակի առջև ծառացած ամենակարևոր խնդիրն այսօր մարտական հերթապահությունն է. առաջին գծում անընդհատ կատարելագործում ու բարելավում ենք մեր դիրքերը:– Կատարվում են տարեկան մարտական պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները»:
Ս.Օհանյանը նշեց նաև, որ իր պաշտոնավարման այս 100 օրվա ընթացքում կատարված աշխատանքների հիմքում ընկած են արդեն ստեղծված բարի ավանդույթները և, որպես նոր ղեկավար, իր գործելաոճից բխող նորություններ են մտցվել, որպեսզի աշխատանքն ու ծառայությունը ՊՆ կենտրոնական ապարատում լինեն առավել արդյունավետ. «Շարունակելու ենք աշխատել մեր զինված ուժերին 2008 թվականին առաջադրված բոլոր խնդիրների լուծման շուրջ»:
Նախարարը հավելեց, որ Հայկական բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է, որն օրըստօրե կատարելագործվում է, և, արժևորելով տարիների ընթացքում կուտակած փորձն ու անցած ճանապարհը, կարելի է եզրակացնել, որ մեր զինված ուժերի ունեցած առանձնահատկությունները բնորոշ են աշխարհի հզոր բանակներին. «Հաջողություններից, սակայն, գլխապտույտ չունենք և մտահոգված ենք զինված ուժերում առկա բացթողումներով և թերություններով»:
Ձեռնարկված մի շարք մարտավարական քայլերի մեջ նախարարն հատուկ կարևորեց մատաղ սերնդի ռազմա-հայրենասիրական դաստիարակությանն ուղղված գիտահանրամատչելի փաստագրական երկու ֆիլմերն ու «Հայոց պատմության աշխահակալությունները» գրքույկը, որոնք ս.թ. սեպտեմբերի 1-ին կուղարկվեն Հանրապետության, Ջավախքի ու Արցախի դպրոցներ, բուհեր, որտեղ ուսանող երեխաներն ու երիտասարդները վաղը համալրելու են ազգային բանակի շարքերը:
Ավարտելով խոսքը, Ս.Օհանյանը հավելեց, որ ընթացիկ տարվա երկրորդ կեսը նույնպես լարված է լինելու. աշնանը շահագործման կհանձնվի արդեն պաշտպանության նախարարության նոր վարչական շենքը, կմեկնարկեն ՆԱՏՕ—ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող զորավարժոթյունները:
«Նոր մոտեցմամբ, նաև ՀՀ Նախագահի ցուցումներով, ամեն ինչի հիմքում պետք է ընկած լինի օրինականությունը, արդարությունը, անօրինականությունների և կաշառակերության դեմ պայքարի սկզբունքը` այնքան ժամանակ, որքան կլինեմ այս գերատեսչության ղեկավար»,- եզրափակեց նախարարը:
Այնուհետև Ս.Օհանյանն առանձնազրույց ունեցավ հյուրերի հետ, պատասխանեց վերջիններիս հուզող հարցերին:
Իսկ լրագրողների` վերջերս անհայտ կորած, ապա` զոհված հայ զինծառայողի վերաբերյալ հնչեցրած հարցին ի պատասխան` նախարարը տեղեկացրեց. «Մարտական հերթապահություն իրականացնող այդ հայ զինծառայողն ինքնակամ դուրս է եկել մարտական դիրքից և անհետացել: Իսկ ավելի ուշ` ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հայտարարությունների, նա հայտնվել է ադրբեջանական հատվածում և այլևս ողջ չէ: Ներկայումս ընթանում է ծառայողական քննություն` պարզելու համար, թե ինչպե՞ս է մեր զինծառայողը հայտնվել ադրբեջանական կողմում: Այս առիթով կապ է հաստատվել Ադրբեջանի զինված ուժերի օպերատիվ հերթապահության հետ, որոնք տեղեկացրել են, որ տարվում են նախապատրաստական աշխատանքներ` վերջինիս դին Հայաստան տեղափոխելու ուղղությամբ»:
Նախարարը նշեց նաև, որ արդեն հանդիպել է վերոնշյալ զինծառայողի ծնողների հետ: