Ավարտվեց «ՌՈՒԲԵԺ 2008» զորավարժության 1-ին փուլը
24 Հուլիսի, 2008 00:00Ս.թ. հուլիսի 24-ին ՀՀ Կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ Երևանում մեկնարկած «Ռուբեժ 2008» հրամանատարա-շտաբային համատեղ զորավարժության 1-ին փուլի եզրափակիչ նիստը, որին մասնակցում էին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Բաղդասարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը, ներկայացուցիչներ ՀԱՊԿ-ից և ՀՀ տարբեր գերատեսչություններից:
Եզրափակիչ նիստը բացեց Ա.Բաղդասարյանը, որից հետո լսեցին զորավարժությանը ներգրավված պետական տարբեր կառույցների ներկայացուցիչների զեկույցները զորավարժության լիարժեք անցկացմանը նպաստող և խոչընդոտող տարբեր խնդիրների վերաբերյալ:
Նիստի ավարտին ելույթ ունեցավ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը, որն առաջարկեց մինչև ս.թ. հուլիսի 25-ը ի մի բերել տարբեր գերատեսչություններում զորավարժության 1-ին փուլի ընթացքում կատարված աշխատանքները` ներկայացնելով առաջարկներ` հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ:
Ապա ելույթ ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, որը բարձր գնահատեց տարբեր գերատեսչությունների համագործակցությունը «Ռուբեժ 2008» զորավարժության շրջանակներում. աշխատանքային հետազոտական խումբը հանդիպում-քննարկումներ է կազմակերպել թվով 9-ը գերատեսչություններում` հակառակորդի կողմից հավանական ագրեսիան ետ մղելուն ուղղված աշխատանքների նախապատրաստության աստիճանը որոշելու և ստուգելու նպատակով. «Զորավարժությանը ներգրավված պետական կառավարման մարմիններն առաջին անգամ էին այսպես լայնամասշտաբ համագործակցում` Հայաստանի Հանրապետության հանդեպ հավանական ագրեսիան դիմակայելու նպատակով: Այս զորավարժություններն առիթ հանդիսացան, որպեսզի ՀՀ բոլոր գերատեսչությունների ղեկավար կազմը ևս մեկ անգամ ուսումնասիրի այն խնդիրները, որոնք դրված են պետության առջև` հավանական ագրեսիայի դիմակայման ուղղությամբ: Սա կօգնի մեզ վերացնել առկա բոլոր թերությունները` երկրի պաշտպանությունը լավագույնս կազմակերպելու նպատակով, ինչը մեզ թելադրում է մեր երկրի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը:
Այնուհետև նիստը եզրափակեց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Բաղդասարյանը, որը շնորհակալություն հայտնեց աշխատանքային հետազոտական խմբին և գերատեսչությունների ներկայացուցիչներին` իրականացված ծավալուն աշխատանքի համար` նշելով, որ ս.թ. հուլիսի 30-31-ը Մոսկվայում կմեկնարկի զորավարժության 2-րդ փուլը: Ա.Բաղդասարյանը զորավարժությանը ներգրավված գերատեսչությունների ներկայացուցիչներին հանձնարարեց մինչև ս.թ. օգոստոսի 5-ը առաջարկներ ներկայացնել նկատված թերությունների վերացման ուղղությամբ` մինչև ս.թ. օգոստոսի 10-ը ՀՀ Նախագահին զեկուցելու նպատակով:v Ինչպես նաև շնորհակալություն հայտնեց ՀԱՊԿ քարտուղարությանը և միացյալ շտաբին` կիրառված համատեղ ջանքերի համար: