Ս.Օհանյանը մասնակցեց ռազմաավիացիոն ինստիտուտի` 2008թ. շրջանավարտների ավարտական շքերթին

30 Հուլիսի, 2008 00:00
Ս.թ. հուլիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտ` ներկա լինելու ինստիտուտի` 2008թ. շրջանավարտներին առաջին սպայական կոչման շնորհման հանդիսավոր արարողությանը և ավարտական շքերթին, որին ներկա էին նաև ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմը, հյուրեր, ծնողներ:

Արարողությունը հանդիսավոր խոսքով բացեց ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գնդապետ Դ.Բալայանը, որը մասնավորապես ասաց. «Պարոնայք գեներալներ, սպաներ, կուրսանտներ, հարգելի հյուրեր, Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտն իր հերթական շրջանավարտն է ուղարկում Հայոց բանակ: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտի` 2008թ. 45 շրջանավարտներին շնորհվել է «լեյտենանտ» առաջին սպայական զինվորական կոչում: Պարոնայք լեյտենանտներ, Մենք հպարտություն ենք ապրում, քանզի այսօր դուք համալրում եք հայոց ազգային բանակի շարքերը: Ետևում են արդեն ուսման չորս բովանդակալից տարիները, որոնց ընթացքում ձեռք բերեցիք սպա-մասնագետի որակավորում: Սակայն սա դեռ քիչ է. ձեր ուսումնառությունն այսօր է սկսվում. պետք է անընդհատ կատարելագործվել, չբավարարվել ձեռք բերածով: 2008թ.-ը ՀՀ զինված ուժերում հայտարարված է պատրաստության նոր որակի և պաշտպանական բարեփոխումների տարի, և ես հավաստիացնում եմ ձեզ, որ ծառայության առաջին իսկ օրվանից, անթերի կատարելով ձեր ծառայողական պարտականությունները, կանոնադրական պահանջները, պահպանելով և ճիշտ շահագործելով ձեզ վստահված զենքն ու ռազմական տեխնիկան, ինչպես նաև ենթակա անձնակազմի հանդեպ ձեր հոգատար վերաբերմունքով դուք կլինեք այս կարգախոսի առաջատար մարտիկների շարքերում: Հաղթանակը բոլորինս է, իսկ օգուտը` Հայրենիքինը: Շնորհավորում եմ Ձեզ, մաղթում` բարի ծառայություն, հաջողություններ ծառայության մեջ և անձնական կյանքում: Շնորհակալություն»: Ապա նորաթուխ սպաներին տերունական խոսքով ողջունեց Արցախի թեմի հոգևոր առաջնորդ Պարգև սրբազանը. «Շնորհավորում եմ ձեզ, քանզի այսօր արժանացաք հայոց բանակի սպայի կոչմանը, քանզի այսօրվանից կոչվում եք հայրենյաց պաշտպան: Ես հպարտ եմ, որ Արմենակ Խանփերյանցի հայրենակիցն եմ և մաղթում եմ, որ բարձր պահեք նրա անունը: Նաև մաղթում եմ, որ ոչ միայն գիտելիքով և կոչումով լինեք հայրենյաց պաշտպան, այլև սրտով և հոգով. միայն դա է, որ մարդուն կարող է հերոս դարձնել: Թող աստված ձեզ պահապան լինի, թող ձեր ճանապարհը, ձեր ծառայությունը` հանուն հայրենիքի, լինի օրհնյալ և դուք ել լինեք ժողովրդիս լեռ պաշտպան»: Նորաթուխ լեյտենանտներին շնորհավորական խոսք հղեց նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը. «Պարոնայք գեներալներ, սպաներ, ենթասպաներ, կուրսանտներ, հայրենակիցներ, Սիրելի շրջանավարտներ, Թույլ տվեք պաշտպանության նախարարության ողջ անձնակազմի, ղեկավարության և անձամբ իմ անունից շնորհավորել ձեզ` այս օրվա կապակցությամբ. օր, որը մեր զինված ուժերին պարգևում է սպաներ` զինված համապատասխան գիտելիքներով, օժտված հմտություններով և ունակություններով, սպաներ` որոնք պահպանելու և բազմապատկելու են մի բանակի ավանդույթներ, որը մեր հայ ժողովրդի նորօրյա պատմության ընթացքում փառահեղ ճանապարհ է անցել. նորօրյա պատմություն, որն առանձնահատուկ է մեր զինված ուժերի կազմավորմամբ, որոնք ազգային ազատագրական շարժման թոհուբոհին զուգահեռ հաղթանակ տարան և այժմ տարածաշրջանում մեծ համբավ են վայելում, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր բանակը մարտունակ է` ի զորու իրականացնելու մեր հայրենիքի պաշտպանությունը, բազմապատկելու հայորդիների այն սխրագործություններն ու քաջագործությունները, որոնք հայ ժողովրդի պատմություն են կերտել: Այս օրը խորհրդանշական է նրանով, որ ձեր ծնողները երազել են ձեզ տեսնել հայրենիքի սրբազան` սպայական պաշտոնին: Զինված ուժերի հրամանատարական կազմը սպասում է ձեզ: Բարեփոխումների այս շրջանակում մենք օրըստօրե կատարելագործում ենք մեր կրթական համակարգը. զորամասերն ու զորամիավորումները հմուտ սպաներով համալրելը մեր առաջնահերթ ծրագրերից մեկն է: Այս օրը խորհրդանշական է նաև նրանով, որ 2008թ.-ը ռազմաավիացիոն ինստիտուտի համար հոբելյանական տարի է. այսօր երախտիքի խոսք պետք է ասել ռազմական ավիացիոն ինստիտուտի հրամանատարական և պրոֆեսորադասախոսական կազմին, որոնք այս տարիների ընթացքում ծնողի դեր են կատարել: Մենք այսօր հպարտությամբ կարող ենք ասել, որ Հայոց բանակի շարքերը համալրված են հմուտ և գրագետ սպաներով, իսկ մասնագիտական, հրամանատարական պատրաստության կատարելագործումը դուք պետք է ստանաք անձնակազմի հետ աշխատանքի ընթացքում: Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ` մաղթում հաջողություն և փայլուն ռազմական կարիերա»: Հանդիավոր արարողության ավարտին հաջորդեց շրջանավարտների ավարտական հանդիսավոր քայլերթ, որից հետո մեկնարկեց վերջիններիս` վիճակահանությամբ համապատասխան պաշտոնների նշանակման գործընթացը:
  • Տարածել