Ուզում ես տեսնել ժողովրդի ապագան` նայիր նրա երիտասարդությանը
10 Օգոստոսի, 2008 00:00Ս.թ. օգոստոսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի կիրճում տեղակայված «Հայ ասպետ» ռազմա-հայրենասիրական կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի նժդեհյան դասակներին` թվով 36 նժդեհիկներին (հայոց տառերի քանակով` 29 տղա, 7 աղջիկ):
Վերջիններիս 6-ամյա հրամանատար Աղասիի` Ս.Օհանյանին զեկույցից հետո մեկնարկեց նրանց իսկ կատարմամբ բեմականացումը` «Հայկը նետահարում է Բելին» թեմայով` նվիրված բռնակալ Բելի դեմ Հայկ նահապետի տարած հաղթանակի և այն հավերժացնող Հայոց Բուն տոմարի 4500 ամյակին: Բեմականացումից հետո նժդեհիկները Ս.Օհանյանին նվիրեցին Հայկ նահապետի` խորհրդանշական նետն ու աղեղը և լուսանկարվեցին:
Ապա ազգագրական պարերով հանդես եկավ «Կարին» պարային համույթը:
Այնուհետև Ս.Օհանյանը շրջեց ճամբարում, եղավ վրաններում, մտերմիկ զրուցեց նժդեհիկների հետ, հարցեր և խորհուրդներ տվեց, պատասխանեց նրանց հարցերին:
Նշենք, որ Եղեգիս բնակատեղին 11-13-րդ դդ. հանդիսացել է Օրբելյան իշխանների ամառանոց:
Ճամբարը տեղակայված է Զորաց եկեղեցու (13-րդ դ.) հարևանությամբ, որը կառուցվել է զորքի համար և միակն է իր տեսակում. եկեղեցու խորանը գտնվում է դրսում` նպատակ ունենալով միանգամից առավելագույն թվով զինվոր ընդունելու` մկրտվելու համար:
Ճամբարին հարող լեռների վրա են գտնվում Սուրբ Խաչ, Սուրբ Կարապետ, Ցախաց Քար եկեղեցիները, ինչպես նաև Սպիտակավոր եկեղեցին, որի հարևանությամբ էլ ամփոփված է Մեծն Նժդեհի աճյունը:
Այցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը 50 քնապարկ նվիրեց հիմնադրամին` ի դեմս տնօրեն Կարին Տոնոյանի, և նշեց, որ կարևոր են նման միջոցառումները` մատաղ սերնդի ռազմա-հայրենասիրական դաստիարակության համար, որոնց միջոցով երեխաները ճիշտ են դաստիարակվում:
Ի դեպ, հիմնադրամի նպատակն է արտադպրոցական միջոցառումների, արշավների միջոցով դաստիարակել հայրենասեր, հայրենաճանաչ պատանիներ` ձևավորելով հայեցի դաստիարակության կայուն համակարգ:
Վերոնշյալ տոնի շրջանակներում անցկացվող միջոցառումները շարունակվում են: