Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
12 Օգոստոսի, 2008 00:00Ս.թ. օգոստոսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռևազ Գաչեչիլաձեին` վերջինիս խնդրանքով` նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Մուրթազ Գուջեջիանիին ներկայացնելու նպատակով:
Հանդիպման սկզբում Ս.Օհանյանն իր խորին ցավակցությունը հայտնեց դեսպանին` վերջին իրադարձությունների անմեղ զոհերի կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան ս.թ. օգոստոսի 18-ից 22-ը ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանում անցկացվելիք «Ռուբեժ 2008» զորավարժության 3-րդ և 4-րդ փուլերին, որին Վրաստանը մասնակցում է դիտորդի կարգավիճակով:
Ռ.Գաչեչիլաձեն իր խոսքում ևս մեկ անգամ փաստեց, որ վրացական և ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների կողմից վերջերս տարածված հայտարարությունը, թե իբր Վրաստանի վրա հարձակումներն իրականացրել են ՀՀ-ում տեղակայված ռուսական ավիաբազայի ինքնաթիռները, չի համապատասխանում իրականությանը:
Իր հերթին Ս.Օհանյանը հավաստիացրեց դեսպանին, որ Հայաստանի տարածքը որպես ռազմահենադաշտ չի օգտագործվի Վրաստանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով` հույս հայտնելով, որ ուղիներ կգտնվեն Վրաստանում իրադրությունը կարգավորելու ուղղությամբ: