Պարգևատրվեցին Իրաքում խաղաղապահ առաքելության ընթացքում աչքի ընկած զինծառայողները
15 Օգոստոսի, 2008 00:00Ս.թ. օգոստոսի 15-ին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում տեղի ունեցավ Իրաքի հետպատերազմյան վերականգնման գործընթացի շրջանակներում խաղաղապահ առաքելություն իրականացրած 6-րդ հերթափոխի` (18.07.2007-25.12.2007) ՀՀ ԶՈՒ զինծառայողներին ԱՄՆ զինված ուժերի, ինչպես նաև ՀՀ ԶՈւ գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և թանկարժեք նվերներով պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
Արարողությանը մասնակցում էին ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա.Փայտյանը և ներկայացուցիչներ ՀՀ ԶՈւ հրամանատարական կազմից:
Ջ.Փենինգթոնը, խաղաղապահներին ուղղված իր խոսքում նշեց, որ վերջիններս վեցամսյա առքելության ընթացքում մեծ փորձ են կուտակել, որը կարող են փոխանցել ծառայակից ընկերներին. «ԱՄՆ-ը գնահատում և ողջունում է Հայաստանի Հանրապետության ներդրումը համաշխարհային անվտանգության ու խաղաղության ապահովման գործում: Դուք գերազանց եք կատարել ձեր առջև դրված խնդիրները»:
Շնորհավորելով խաղաղապահներին պարգևներ ստանալու և հայրենիք վերադառնալու կապակցությամբ` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա.Փայտյանը համոզմունք հայտնեց, որ հայ խաղաղապահները հետայսու ևս կշարունակեն կատարելագործել իրենց գիտելիքներն ու մարտական պատրաստությունը:
Միջոցառումն ավարտվեց հայ խաղաղապահների հանդիսավոր քայլերթով: