ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

17 Հոկտեմբերի, 2008 00:00
Ս.թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը այցելեց ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուս` մասնակցելու ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի 10-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը, որին մասնակցում էին նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները, ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմը, ՌԴ ԶՈՒ ներկայացուցիչներ, պաշտանատար այլ անձիք:

Միջոցառումը հանդիսավոր խոսքով բացեց ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Մակարյանը, որը շնորհավորեց անձնակազմին` վերոնշյալ տոնի կապակցությամբ և հրավիրվածներին ներկայացրեց բանակային կորպուսի կազմավորման և անցած ուղու մանրամասներ: Ապա ելույթ ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, որն իր խոսքում մասնավորապես ասաց. «Պարոնայք գեներալներ, սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, զինվորներ, Հարգելի հյուրեր, Թույլ տվեք ՀՀ պաշտպանության նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորել ձեզ այս հոբելյանական օրվա առթիվ: ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսը, ինչպեսև մյուս զորամասերը, մեծ ճանապարհ են անցել և մեծ ավանդ ունեն մեր զինված ուժերի կազմավորման գործում` այսօր էլ շարունակելով կատարել իրենց սուրբ պարտքը: 5-րդ բանակային կորպուսն իր ուրույն տեղն ունի մեր զինված ուժերի կազմում և հավաստիացնում եմ, որ յուրաքանչյուր զինվորի, սերժանտի, ենթասպայի և սպայի կատարած գործը միշտ գնահատվում է պաշտպանության նախարարության կողմից: Անցկացված վերջին զորավարժությունները գնահատականն էին այս բանակային կորպուսի գործունեության: Լիահույս եմ, որ այսուհետ ևս կշարունակեք պատվով կատարել ձեր առջև դրված խնդիրները: Շնորհավորում եմ բոլորիդ, ցանկանում առողջություն, անձնական և ընտանեկան երջանկություն, և հաջողություն` ծառայության ընթացքում»: Ելույթից հետո Ս.Օհանյանը ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Մակարյանին հանձնեց ուղերձ, որում ասված է. « 5-ՐԴ ԲԿ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ, գնդապետ Ա.ՄԱԿԱՐՅԱՆԻՆ Հարգելի Անդրանիկ Արտավազդի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավարության անունից և անձամբ իմ կողմից սրտանց շնորհավորում եմ 5-րդ բանակային կորպուսի կազմավորման տասնամյա հոբելյանի առթիվ: Այս տարիների ընթացքում կորպուսի ստորաբաժանումները և զորամասերն անընդհատ կատարելագործել են իրենց մարտունակությունը և մարտական պատրաստությունը, մասնակցել են բազմաթիվ հրամանատարա-շտաբային և մարտավարական զորավարժությունների և միշտ հասել բարձր արդյունքների: Ռազմական հմտության կատարելագործման կարևոր փուլ հանդիսացավ սույն տարվա օգոստոսին կորպուսի զորամասերի և ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությունը «Ռուբեժ-2008» հայ-ռուսական համատեղ հրամանատարա-շտաբային զորավարժությանը, որտեղ անձնակազմը ցուցաբերեց բարձր մարտական վարժվածություն, տեխնիկայի և զենքի տիրապետման, Հայրենիքի սահմանների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ բարդ խնդիրներ իրագործելու հմտություն: Առաջադրված խնդիրները կորպուսի կազմում իրագործում է հռչակավոր` 1-ին աստիճանի Մարտական Խաչի շքանշանակիր, եռակի շքանշանակիր 89-րդ Թամանյան հայկական դիվիզիայի անվան 4-րդ հրաձգային գունդը: Հանդիսանալով հաղթանակած հայոց բանակի հիմքը` գունդը ՀՀ և ԼՂՀ սահմանների տարբեր շրջաններում մասնակցել և իր ուսերին է կրել ազատագրական պայքարի ծանր, բայց և պատվավոր բեռը: Հիրավի, առավել քան հերոսական պետք է անվանել զորամասի անցյալը. գնդի շարքերում են մարտնչել Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանը, «Մարտական Խաչ»1-ին և 2-րդ աստիճանի շքանշանների 15 ասպետներ, գնդի 195 մարտիկներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեդալներով: Հարգելի բարեկամներ, Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ` հոբելյանական տարեթվի կապակցությամբ, ցանկանում հետագա հաջողություններ մեր երկրի պաշտպանունակությունը և զինված ուժերի մարտունակությունը ամրացնելու գործում: Երջանկություն` Ձեզ և Ձեր ընտանիքներին, և թող իրականանան Ձեր ցանկությունները: ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՂԹԱՆՔՆԵՐՈՎ` ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Ս.ՕՀԱՆՅԱՆ » Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով, ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի կազմավորման 10-ամյակի, ինչպես նաև ՀՀ զինված ուժերում ունեցած ներդրումների համար մի շարք զինծառայողներ պարգևատրվեցին պատվոգրերով և ՊՆ գերատեսչական մեդալներով, որից հետո շնորհավորական խոսքով հանդես եկան ՀՀ տարածքում ՌԴ ԶՈւ մարտական ղեկավարման զորախմբի շտաբի պետ, գնդապետ Ս.Շչուրը և Արտաշատի սահմանապահ ուղեկալի պետ, գնդապետ Վ.Զյանչուրինը (վերջինս ելույթ ունեցավ ՀՀ-ում ՌԴ Անվտանգության Դաշնային Ծառայության (ԱԴԾ) սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ս.Բոնդարևի անունից): Ի դեպ, ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի առաջին հրամանատարն է եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ինչի առթիվ 5-րդ բանակային կորպուսի ներկայիս հրամանատար Ա.Մակարյանը, բանակային կորպուսի անձնակազմի անունից, խորհրդանշական նվեր հանձնեց Ս.Օհանյանին: Միջոցառումն ավարտվեց հանդիսավոր քայլերթով:
  • Տարածել