Ս.Օհանյանն ընդունեց BENS կազմակերպության պատվիրակությանը
21 Հոկտեմբերի, 2008 00:00Ս.թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ԱՄՆ «Խոշոր ձեռնարկությունների վարչական ապարատի ղեկավարները ազգային անվտանգության համար» (BENS) կազմակերպության պատվիրակությանը:
Հանդիպման սկզբում նախարարը ողջունեց պատվիրակության անդամներին` նշելով, որ Հայաստանի Հանրապետության որդեգրած փոխլրացման քաղաքականության համատեքստում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ պաշտպանական համագործակցությունը, Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետ միասին առանցքային նշանակություն ունի, ինչի վառ ապացույցն են ներկայումս Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ական, ռուսական, ամերիկյան բարձրաստիճան պատվիրակությունները:
Հանդիպման ընթացքում նախարարը նշեց նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում ամերիկյան կողմի ջանքերը Հայաստան-ԱՄՆ պաշտպանական համագործակցության զարգացման գործում: Այս առումով պետք է գոհունակությամբ արձանագրել, որ արդեն մի քանի տարի է առկա են համագործակցության կոնկրետ ծրագրեր, որոնց շրջանակներում այն շարունակական և կառուցողական բնույթ է ստացել և որն իրականացվում է ըստ հետևյալ հիմնական ծրագրերի`
1. «Արտաքին ռազմական ֆինանսավորում» (FMF). այս ծրագրի շրջանակներում ամերիկյան կառավարության կողմից տրամադրվող միջոցներն (տարեկան մոտ 3 մլն դոլար) ուղղվում են ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի, ականազերծման կենտրոնի, ինչպես նաև շարժական դաշտային հոսպիտալի (EMEDS) կարողությունների զարգացմանը, որն, ի դեպ, միակն է տարածաշրջանում և եզակիներից մեկը աշխարհում:
2. «Միջազգային ռազմական կրթություն և վարժանք» (IMET). ծրագիր, որի շրջանակներում շուրջ 100 հայ զինծառայողներ հնարավորություն են ստացել ուսանել ԱՄՆ զինված ուժերի ռազմաուսումնական հաստատություններում:
3. «Համատեղ շփման խումբ». Կանզասի հետ նահանգային համագործակցություն, որը շուրջ 5 տարվա պատմություն ունի. համագործակցում ենք ռազմական բժշկության, ականազերծման, խաղաղապահության ոլորտներում: Հայաստան-Կանզաս համագործակցությունը շարունակական զարգացում է ապրում և հոկտեմբերի 3-ը Կանզասի նահանգապետ Կետլին Սիբելուսի հրամանագրով հայտարարված է Կանզաս-Հայաստան գործընկերության օր:
Ս.Օհանյանը նշեց, նաև որ Հայաստանը բարձր է գնահատում ԱՄՆ հետ պաշտպանական համագործակցության համատեքստում Եվրոպական հրամանատարության հետ համագործակցությունը, որն իր նպաստը կբերի ՀՀ զինված ուժերում իրականացվող պաշտպանական, օրենսդրական բարեփոխումների և ՀՀ-ՆԱՏՕ Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարմանը:
Հանդիպման ավարտին Ս.Օհանյանը հանգամանալից պատասխանեց պատվիրակության անդամների հարցերին: