Համաժողովը մեկնարկեց

27 Հոկտեմբերի, 2008 00:00
Ս.թ. հոկտեմբերի 27-ին, Երևանի «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցի Պիկասսո սրահում մեկնարկեցին ԱՄՆ Հարվարդի համալսարանի կողմից իրականացվող Սևծովյան անվտանգության ծրագրի տարածաշրջանային ամենամյա համաժողովի աշխատանքները:

Միջոցառման մեկնարկին բացման խոսքով հանդես եկան ՀՀ ՊՆ Դ.Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, ք.գ.դ., գեներալ-մայոր Հ.Քոթանջյանը, , Հարվարդի սևծովյան անվտանգության ծրագրի տնօրեն Ս. Կոնոպլյովը, ապա ելույթ ունեցան ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մ.Յովանովիչը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանը, որն, ի դեպ, համաժողովի մասնակիցներին փոխանցեց ՀՀ պաշտպանության նախարարի ուղերձը, որում մասնավորապես ասված էր. «Հարգելի´ տիկնայք և պարոնայք, Պատիվ ունեմ ձեզ ողջունել Հայաստանի հինավուրց մայրաքաղաք Երևանում, որի 2790-ամյակը համապետականորեն նշվեց 2 շաբաթ առաջ: Մենք իրավամբ պարծենում ենք մեր անցյալով և, միևնույն ժամանակ, վստահորեն նայում դեպի ապագան: Այդ վստահության գրավականն է այն առաջադիմական ուղին, որը որդեգրվել է մեր երկրի կայուն և անվտանգ զարգացումն ապահովելու համար: Այդ ուղին ներառում է պետության կենսագործունեության բոլոր ոլորտներում իրականացվող ժողովրդավարական համընդգրկուն բարեփոխումները և փոխլրացման սկզբունքի վրա հիմնվող միջազգային ինտեգրումը: Սևծովյան տարածաշրջանի մաս կազմող Հարավային Կովկասն իր վրա կրում է ուժի տարբեր կենտրոնների շահերի համընկնման ու մրցակցության ազդեցությունը: Նման միջավայրում Հայաստանի համար ի հայտ են գալիս զանազան բնույթի մարտահրավերներ և սպառնալիքներ, որոնց չեզոքացման կամ թուլացման համար պահանջվում են զգալի ջանքեր ու ռեսուրսներ: Այդ մարտահրավերների և սպառնալիքների շարքում իրենց վտանգավորությամբ առանձնանում են ռազմական սպառնալիքները: Հայաստանի համար գլխավոր ռազմական սպառնալիքներից է Ղարաբաղյան հակամարտության առկայությունը և հակամարտող կողմերի միջև հակամարտության կարգավորման փոխհամաձայնեցված քաղաքական-իրավական հիմքերի բացակայությունը: Այս համատեքստում առավել լուրջ մտահոգության առիթ են հանդիսանում Ադրբեջանի կողմից վարվող ռազմականացման քաղաքականությունը, պաշտպանական բարեփոխումների քողի ներքո Հայաստանի նկատմամբ ռազմական գերակայության հասնելու և նոր պատերազմի սանձազերծմամբ Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ուժի կիրառմամբ հօգուտ իրեն լուծելու միտվածությունը: Հարևան պետությունների կողմից Հայաստանի Հանրապետության շարունակվող շրջափակումը, Հայաստանին մեկուսացնելու ծրագրերը և ընդհանրապես Հարավային Կովկասում անվտանգության միջավայրի ապակայունացումը, առկա կամ նոր հակամարտությունների հրահրումը ևս Հայաստանի անվտանգության համար ռազմական սպառնալիքներ են: Դրա հետ մեկտեղ, ինչպես բոլոր պետությունների, այնպես էլ Հայաստանի համար անհամաչափ ռազմական սպառնալիք են հանդիսանում վերազգային հանցագործությունները, այդ թվում` միջազգային ահաբեկչությունը, զանգվածային ոչնչացման զենքի ու դրա բաղադրամասերի, թմրանյութերի ու հոգեներգործիչ նյութերի անօրինական շրջանառությունը, մարդկանց առևտուրը: Միևնույն ժամանակ, կան գործոններ, որոնք դրական ազդեցություն են թողնում միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության կերտման գործում: Մասնավորապես` տարածաշրջանային ու միջազգային անվտանգության կառույցների հզորացումը և միջազգային սպառնալիքների դեմ համընդհանուր պայքարի անհրաժեշտությունը նվազեցնում են փոքր պետությունների անվտանգությանն սպառնացող համաշխարհային դասական պատերազմների վտանգը: Պաշտպանության բնագավառում համագործակցության ծավալման համար նպաստավոր պայմաններ են ստեղծել միջազգային ինտեգրման գործընթացները: Հարավային Կովկասի պետություններում ժողովրդավարացման, քաղաքացիական հասարակության և սոցիալական արդարության հաստատման միտումներն իրենց հակասականությամբ գործոններ են, որոնք էապես նպաստում են տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ու խաղաղ երկխոսության ծավալմանը: Վերը թվարկված և այլ սպառնալիքների չեզոքացման համար, ինչպես նշեցի, մենք ընտրել ենք երկու հիմնական ուղի. բարեփոխումների իրականացմամբ մեր պաշտպանական համակարգի հզորացում և ինտեգրման միջոցով անվտանգության միջազգային երաշխիքների ձեռքբերում, որոնք փոխկապակցված են: Այսպես. պաշտպանական ոլորտի բարեփոխումները միտված են այնպիսի համակարգի ստեղծմանը, որը լիովին կհամապատասխանի Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության համար արդիական մարտահրավերներին, կլինի ճկուն, մարտունակ և ի զորու` չեզոքացնելու առկա բոլոր սպառնալիքները, ապահովելու Հայաստանի Հանրապետության և նրա ազգային անվտանգության հիմնարար արժեքների հուսալի պաշտպանությունը, կատարելու այդ բնագավառում ՀՀ միջազգային պարտավորությունները, որոնք իրենց հերթին նպատակաուղղված են արտաքին անվտանգության ապահովմանը և Հայաստանի պաշտպանական համակարգի հզորացմանը: Ուստի մեր պաշտպանական համակարգը, ռազմական անվտանգության միջավայրին համարժեք արձագանքելուց բացի, պետք է կարողանա նաև ըստ անհրաժեշտության ազդել այդ միջավայրի կերպափոխումների վրա: ՀՀ պաշտպանական համակարգի բարեփոխումներն իրականացվում են երկու փուլով: Առաջին փուլում մենք մշակեցինք հայեցակարգային փաստաթղթեր` Ազգային անվտանգության ռամավարությունը և ռազմական դոկտրինը, ձեռնարկեցինք իրավական բարեփոխումներ: Ազգային անվտանգության ռազմավարության մշակման ժամանակ մենք ռուսաստանյան փորձը հարստացրինք արևմտյան մեթոդաբանությամբ: Պատահական չէ, որ այդ փաստաթղթի մեթոդաբանական փորձաքննությունն անցկացվեց ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի առաջատար գիտական կենտրոններում: Հաջողությամբ ավարտելով առաջին փուլը` մենք անցնում ենք երկրորդ փուլին: Առանձին կարևորություն է տրվում այնպիսի ստանդարտների և չափանիշների մշակմանն ու ներդրմանը, որոնք ապահովեն մեր պաշտպանական համակարգի մեծ արդյունավետությունը և գործընկեր ու դաշնակից պետությունների համապատասխան կառույցների հետ լիարժեք փոխգործակցությունը: Այդ ստանդարտների ընտրության հարցում մենք լիովին օգտագործեցինք փոխլրացման սկզբունքով ընձեռված հնարավորությունները: Բարեփոխումներն իրականացվում են Հայաստան–ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում, ինչը մեզ հնարավորություն տվեց ուսումնասիրել և տեղայնացնել արևմտյան հարուստ փորձն ու ավանդույթները: Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ-ի անդամ պետությունների և հատկապես Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ համագործակցության շնորհիվ հնարավոր եղավ այդ կազմակերպության շրջանակներում գործող ստանդարտներից ընտրել մեզ համար առավել ընդունելիները և համադրել արևմտյանի հետ: Հայաստանի անվտանգ ու կայուն զարգացման ապահովման գործում մենք կարևոր ենք համարում մասնակցությունը տարբեր միջազգային կառույցներին ու նրանց ծրագրերին, ինչպիսիք են ՄԱԿ-ը, Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունը, Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը և նրա Մինսկի խումբը, Եվրոպական Միությունը, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը և, իհարկե, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը, այլ միջազգային կազմակերպություններ, Հայաստան–ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը», «Եվրոպական հարևանություն» ծրագիրը և այլն: Քաղաքական ու տնտեսական անվտանգության բազմաթիվ խնդիրներ են լուծվում այդ կազմակերպությունների և ծրագրերի միջոցով: Մենք վստահ ենք, որ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման ասպարեզում այդ կազմակերպությունների ու համապատասխան ծրագրերի շնորհիվ ընձեռվող հնարավորություններն ու ռեսուրսներն ամենևին սպառված չեն: Ուստի և մենք նպատակադրված ենք շարունակել մեր համագործակցությունը այդ կազմակերպությունների հետ բոլոր այն հարցերում, որոնց նկատմամբ մեր շահերն ու մոտեցումները իրար չեն հակասում: Անցյալ դարասկզբում մեր ժողովուրդը ենթարկվեց ամենաահավոր ոճրագործության` ցեղասպանության: Եղեռն ապրած ժողովուրդը երբեք չի ցանկանում տեսնել, իր վրա զգալ պատերազմական բռնությունների ու արհավիրքների ազդեցությունը: Ուստի ձգտում ենք բոլոր հակասությունները և հակամարտությունները հարթել և լուծել խաղաղ ճանապարհով: Բայց, ինչպես ասում են, «sic vis pacem, para bellum». այսինքն` ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի: Այդ է պատճառը, որ մենք ձեռնամուխ ենք եղել ժողովրդավարական բարեփոխումների միջոցով մեր պաշտպանական համակարգի կատարելագործմանը` հնարավոր հակառակորդին զսպելու, ագրեսիայից հետ պահելու, իսկ վերջինիս ձեռնարկման դեպքում` համարժեք հակահարված տալու համար: ՀՀ պաշտպանական բարեփոխումների գերխնդիրն է այնպիսի չափանիշների մշակումն ու Զինված ուժերում ներդրումը, որոնք լիովին կհամապատասխանեն Հայաստանի ազգային անվտանգության գերակայություններին, կլուծեն ռազմական անվտանգության ազգային խնդիրները` ստեղծելով դաշնակիցների և գործընկերների հետ փոխգործակցության բավարար հնարավորություններ, որպեսզի Հայաստանը կարողանա միջազգային անվտանգության ապահովման գործում որոշել իր աճող միջազգային վարկին համարժեք ու ռազմական անվտանգության շահերին համապատասխանող տեղն ու դերը: Սա օբյեկտիվ անհրաժեշտություն է, որն անմիջականորեն բխում է տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումներից և մեր հանրապետության ազգային անվտանգության շահերից: Միևնույն ժամանակ, տարածաշրջանում ներկայումս տիրող ռազմաքաղաքական անվտանգության իրադրությունը, որը ՀՀ-ի համար ստեղծում է լուրջ ռազմական սպառնալիքներ, հրամայաբար պարտադրում է մեզ լինել չափազանց հաշվենկատ, որպեսզի պաշտպանական համակարգի կատարելագործման, որակապես նոր մակարդակի ռազմական ներուժի ստեղծման, ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին համարժեքորեն դիմակայելու մշտապես պատրաստ, անընդհատ նորացվող Զինված ուժերի կերտման ընթացքում մեր բանակի մարտունակության մակարդակն օրըստօրե անշեղորեն աճի»: Այնուհետև հաջորդեցին ելույթներ և քննարկումներ վերոնշյալ թեմայի շրջանակներում: Համաժողովը շարունակում է իր աշխատանքները:
  • Տարածել