Ս.Օհանյանի այցը Ռումինիա
6 Նոյեմբերի, 2008 00:00Ս.թ. նոյեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով մեկնեց Ռումինիա:
Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Թեոդոր Մելեշկանուի, Ռումինիայի նախագահի` անվտանգության և պաշտպանության հարցերով խորհրդական, պաշտոնաթող գեներալ Կոնստանտին Դեջերատուի, Խորհրդարանի ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Լուչիան Բոլչաշիչի, Խորհրդարանի ներկայացուցիչների պալատի հայազգի պատգամավոր Վարուժան Փամբուկչյանի, հայ համայնքի ղեկավար Վարուժան Օսկանյանի (որն, ի դեպ, նաև Ռումինիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարն է) հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին հայ-ռումինական երկկողմ ռազմական համագործակցությանը, տարածաշրջանում ստեղծված անվտանգության միջավայրի, ընդլայնված սևծովյան ավազանի տարածաշրջանի անվտանգությանն առնչվող տարաբնույթ հարցեր:
Այցի ընթացքում կողմերի միջև ստորագրվեց հայ-ռումինական երկկողմ ռազմական համագործակության պլան` ձեռք բերելով հետագա համագործակցության մի շարք պայմանավորվածություններ:
Ս.թ. նոյեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձավ Հայաստան: