Զեկույց` Ազգային ժողովի լսումներում
5 Նոյեմբերի, 2008 00:00Ս.թ. նոյեմբերի 5-ին ՀՀ ՊՆ Դ.Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, ՌԴ Ռազմական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ՀԱՊԿ գիտափորձաքննական խորհրդի անդամ, հակաահաբեկչության գծով փորձագետ գիտնական /ԱՄՆ/, ՌԴ քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հ.Քոթանջյանը զեկույց է կարդացել ՀՀ Ազգային ժողովի գիտության և կրթության մշտական հանձնաժողովի լսումներում` «Հայ գիտության զարգացումը Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության տրամաչափում» թեմայով: Ստորև ներկայացնում ենք Հ.Քոթանջյանի զեկույցն` ամբողջությամբ:
Գիտության` որպես Հայաստանի ազգային անվտանգության ապահովման ռազմավարական գործոններից մեկի մասին ես կզեկուցեմ` առաջին հերթին հիմք ընդունելով այն տեղն ու դերը, որ մեր ազգային անվտանգության համակարգում զբաղեցնում է հիմնարար, կամ ֆունդամենտալ, գիտութունը: Ըստ իս` հիմնարար գիտության զարգացման գործում պետական շահագրգռվածություն չլինելու հանգամանքը հղի է նաև կրթական համակարգի հետաճի և, որպես հետևանք, մեր ազգի մտավոր ներուժի կորստի վտանգով: Այնուհետև ես համառոտակի կներկայացնեմ Հայաստանում ռազմավարական անվտանգային հետազոտությունների պրոբլեմների նկատմամբ իմ մոտեցումը:
Հայկական ակադեմիական գիտությունը, որը ԽՍՀՄ հիմնարար գիտության առաջատար բաղադրիչներից էր, իր ուրույն տեղն ու դերն ուներ խորհրդային երկրի` որպես համաշխարհային գիտական տերության հեղինակության ձևավորման գործում: Անկախության շեմին Հայաստանը, ի տարբերություն Մերձբալթյան հանրապետություններից, գիտության նկատմամբ իր քաղաքականությունը կողմնորոշեց թույլ զարգացած երկրների մակարդակի: Այսինքն` քաղաքականապես սահմանվեցին գաճաճ տրամաչափի գերակայություններ ու նպատակներ, որոնք սկզբունքորեն չեն համապատասխանում հայ ժողովրդին հատուկ մտավոր ներուժին:
Միևնույն ժամանակ փոշիացվեց Հայաստանի արդյունաբերական հզորությունը, որը նպատակաուղղված էր գիտատար և առաջատար տեխնոլոգիաների մշակմանն ու կիրառմանը: Իշխանությունները փոխանակ զարկ տային միջազգային, այդ թվում` տարածաշրջանային, տնտեսական գործընկերակցության նոր ցանցի և շուկայի ձևավորմանը, վաճառեցին գործարանային համալիրները ջարդոնի գնով և Հայաստանը զրկեցին իր գիտելիքահենք արդյունաբերությունը արդիականացնելու ռազմավարական հեռանկարներից: Տվյալ պայմաններում ֆինանսավորման հզոր պետական աղբյուրների վերացումը հանգեցրեց Հայաստանում հիմնարար հետազոտությունների կազմակերպման գործում զգալի բարդությունների: Վիճակն է°լ ավելի վատթարացավ, երբ նորանկախ Հայաստանի իշխանությունները, թերագնահատելով ֆիզիկամաթեմատիկական և այլ բնական գիտությունների բնագավառներում հայ գիտնականների համաշխարհային ճանաչում ստացած նվաճումները, ազգային գերակայությունների շարքից բացառեցին հիմնարար գիտությունը: Վերացվեցին մտավոր ներուժի վերարտադրման համար անհրաժեշտ պայմանները, առաջին հերթին` հիմնարար գիտության հռչակավոր հայկական դպրոցների պարարտ միջավայրը: Այս ամենի հետևանքով Հայաստանը կորցնում է իր` որպես զարգացած գիտությամբ աչքի ընկնող պետության վարկը: Մինչդեռ բնական գիտությունների զարգացումը Հայաստանում դիտվել է որպես գերակայություն. դեռ Խորհրդային Հայաստանի Գիտությունների ակադեմիայի ստեղծման ժամանակ հասարակագետ ակադեմիկոս Հովսեփ Օրբելու գլխավորությամբ ստեղծված Ակադեմիայի Նախագահության հիմնադիր կազմում 23 անդամից 17-ը բնական գիտությունների ներկայացուցիչ էին:
Ցավոք, անկախության առաջին տարիներին պետության կողմից թույլ տրված վերը նշված աններելի ռազմավարական սխալները շարունակում են անդրադառնալ ոչ միայն հիմնարար գիտության այն բնագավառների վրա, որոնք պահանջում են հետազոտական գործիքարանի խոշոր ֆինանսավորում, այլև` տեսական բաժինների վրա, որոնց համար մեծ կապիտալ ներդրումներ չեն պահանջվում: Թեև առաջատար հայ մասնագետների աշխատությունները կանոնավոր կերպով թարգմանվում և հրապարակվում են արտասահմանյան հեղինակավոր գիտական հրատարակություններում, նրանց աշխատավարձը Հայաստանում շարունակում է մնալ աներևակայելի ցածր` կառավարական շենքերի հավաքարարների վարձատրման չափ:
Գիտական գործունեության նման ցածր վարձատրությունն սպառնում է ոչ միայն ազգի մտավոր ներուժի ապագային, այլև նման իրավիճակի հետ համակերպվող իշխանությունների հեղինակությանը: Չի կարելի շարունակել նման քաղաքականությունը, որը ակնհայտորեն հանգեցնում է գալիք գիտական սերնդին մեր ժողովրդի կուտակած մտավոր ներուժի փոխանցման ձախողմանը: Այսինքն ռազմավարական տրամաչափ և անվտանգային նշանակություն ունեցող հիմնարար գիտության հեռանկարների կորստյանը: Հայաստանի ազգային անվտանգության կարևորագույն գերակայություն պետք է համարել Ազգային ակադեմիայում և առաջատար բուհերում հիմնարար հետազոտություններով զբաղվող գիտնականներին և գիտական կոլեկտիվներին իրավական, ֆինանսական ու սոցիալական աջակցության լիարժեք ապահովումը:
Ինձ հայտնի է, որ մեր հանրապետության Նախագահը բացառիկ կարևորություն է տալիս Հայաստանի կայուն և անվտանգ զարգացման գործում հիմնարար գիտության դերին: Հենց Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության գերակայություններից ելնելով, անհրաժեշտ է գիտնականների աշխատանքի վարձատրությունը ներկայիս նսեմացուցիչ մակարդակից հասցնել մեր պետությունում գործող առավել բարձր աստիճանի հաստիքադրույքների: Տվյալ արտակարգ կարևորության պրոբլեմը հարկ է դիտել նաև հիմնարար գիտության մեջ տաղանդավոր երիտասարդության ներգրավումը շարժառիթավորելու տեսանկյունից` ապահովելով նրա իրավունքը` իր մասնագիտական աճն ու ընտանիքի ապագան պլանավորելու իր մայր հողի վրա` Հայաստանում: Դա նաև կկանխի շնորհալի երիտասարդների արտահոսքը, ինչի շարունակումն սպառնում է մեր ազգի մտավոր կարողությունների անդառնալի հյուծմամբ: Այս առումով հատուկ ուշադրության է արժանի արտասահմանյան բուհերում սովորող հայ երիտասարդների վերադարձն ապահովող մասնագիտական ու ֆինանսական պատշաճ պայմանների ստեղծումը:
Հայաստանի Հանրապետությունում հասունացել է հիմնարար գիտության զարգացման ռազմավարության` որպես ազգի կարևորագույն անվտանգային ռեսուրսի համակարգային մշակման և դրա հիման վրա ապագային միտված գիտելիքահենք հեռահար քաղաքականության վարման անհրաժեշտությունը: Դա կապված է մեր հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտներում ազգային անվտանգության ռազմավարության իրացման հրամայականների հետ: Կարևոր է այս բնագավառում որոշումներ ընդունելիս ելնել հետևյալ դիտակետից. հիմնարարար գիտության կոմերցիոն արժեքը բուն իմաստով հնարավոր չէ գնահատել, քանի որ այն միտված է գիտական մտքի հեռահար հորիզոնների նորացմանը և այդ առումով` ճյուղային, կիրառական գիտությունների հայեցակարգային սնուցմանը: Ճյուղային հետազոտությունների ասպարեզը գերատեսչական ոլորտների տիրույթն է: Իսկ այդ` գերատեսչական դասի հետազոտությունների արգասիքների միջգերատեսչական համադասումը և նորամուծական գործընթացների կոմերցիոն գնահատումն ու իրավական-կազմակերպական ուղեկցումը պահանջում են ճյուղային գիտության կիրարկումներով զբաղվող հատուկ պետական հաստատության կողմից ղեկավարում ու կառավարում:
Իմ կարծիքով` Հայաստանում գիտության զարգացման ռազմավարության մշակման ժամանակ նպատակահարմար կլիներ իրավասությունները բաժանել այնպես, որ հիմնարար գիտության միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարների համար պատասխանատու լիներ Գիտությունների ազգային ակադեմիան, իսկ ճյուղային հետազոտությունների զարգացման և տնտեսության նորամուծական ենթակառուցվածքում դրանց արգասիքների կիրառման միջգերատեսչական համադասման համար` Կրթության և գիտության նախարարության կազմում գործող Գիտության կոմիտեն: Այս դերաբաժանման խելամիտ կազմակերպումը կնպաստի գիտության, կրթության և տնտեսության փոխլրացնող գործակցությանը:
Նպատակահարմար է սահմանել Գիտությունների ազգային ակադեմիայի` որպես ժամանակակից ճկունություններով օժտված և համաշխարհային գիտական ցանցի մեջ ակտիվ դերակատարմամբ պետական հիմնարկի պատասխանատվության մեխանիզմները` ապահովելով հիմնարար հետազոտությունների վրա բյուջետային և արտաբյուջետային միջոցների ծախսման մրցութայնությունը, թափանցիկությունը և արդյունավետությունը: Ակնհայտ է նաև այնպիսի չափանիշների համակարգի ձևավորման անհրաժեշտությունը, որոնք հնարավորություն տան արդյունավետ կերպով դատելու Հայաստանում հիմնարար գիտության բնագավառների զարգացման մակարդակի վերաբերյալ: Հույժ կարևորություն ունի Ակադեմիայի նախագահության վերակառուցումը համաշխարհային գիտական ցանցի հետ համագործակցությունը ապահովող իրավական-ֆինանսական-կազմակերպական ժամանակակից կարողություններով զինված կառույցի: Իմ կարծիքով` ռազմավարական նշանակություն կունենա ազգային տրամաչափի որոշումների ընդունման գիտական հիմնավորման գործում Ազգային ակադեմիայի` որպես կառավարության կոլեկտիվ խորհրդականի կարգավիճակի վերականգնումը:
Գիտության պետական կոմիտեի հիմնական խնդիրներ կարող են լինել ճյուղային գիտելիքների զարգացման միջգերատեսչական միջավայրի ձևավորման համադասումը, տեխնոլոգիական նորամուծությունների նկատմամբ տնտեսության կորպորատիվ հատվածի ընկալունակության մեծացումը, նորամուծական միջավայրի վրա ազդող ճյուղային գիտության ներդաշնակեցումն ու զարգացումը: Կարևոր է նորամուծական ենթակառուցվածքների ձևավորման այնպիսի պրոբլեմների մշակումը, ինչպիսիք են հարկումը, մաքսային գործիքարանը, մտավոր սեփականության կարգավորումը:
Կոմիտեի հանգուցային խնդիրներ կարող են լինել նաև ճյուղային հետազոտությունների ու մշակումների ակտիվ ներբերումը տարածաշրջանային ու համաշխարհային տնտեսության մեջ, մասնավոր-պետական գործընկերության արդյունավետ մեխանիզմների ձևավորումն ու տրամաչափումը և արտադրական նորամուծական ենթակառուցվածքի առավել արդյունավետ բաղադրատարրերի զարգացումը: Այս առումով կարելի է առաջարկել ռեսուրսների կենտրոնացում այնպիսի նախագծերի վրա, որոնք առնչվեն միջազգային կոոպերացիային, այդ թվում` Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում:
Եթե չլուծվեն հիմնարար և կիրառական գիտաճյուղերի համակարգված զարգացման, ինչպես նաև պրակտիկայի մեջ դրանց արգասիքների նորամուծական ներդրման խնդիրները, ապա Հայաստանը կզրկվի նաև միջնակարգ և բարձրագույն կրթության շարունակական զարգացման համար անհրաժեշտ գիտական հիմքերից: Այս առումով ուշադրության է արժանի ռուսաստանյան իշխանությունների նոր գիտակրթական քաղաքականությունը, ըստ որի` Բոլոնիայի ակադեմիական սկզբունքները կիրառվում են ընտրողաբար` սեփական դրական փորձի հաշվառմամբ, ինչպես նաև պետական ակադեմիաների համակարգի միջոցով հիմնարար գիտության պետական ղեկավարման առավելությունների օգտագործմամբ: ՈՒստի մենք առաջարկում ենք գիտության և կրթության պրոբլեմները դիտարկել ազգային անվտանգության գերակայությունների համատեքստում` շեշտը դնելով ոչ թե սպառնալիքների և դրանց չեզոքացման միջոցների ինքնանպատակ բացահայտման վրա, այլ հիմնարար և ճյուղային գիտության, ինչպես նաև կրթության երկարաժամկետ ֆինանսական, իրավական ու հաստատութենական ապահովման համակարգի զարգացման ռազմավարության մշակման վրա:
Որպես ազգային անվտանգության պրոբլեմ պետք է դիտել նաև մեր հանրապետությունում գիտական կադրերի ատեստավորման և գիտական որակավորման համակարգում տարածված կոռուպցիան: Առաջին հերթին հարկ է վերականգնել թեկնածուական և դոկտորական աստիճանների հայցման ատենախոսությունների պատրաստման ու պաշտպանության ակադեմիական ստանդարտները: Եթե շարունակվի ատենախոսությունների վճարովի գրման և գիտական աստիճանների առուծախի բոլորիս հայտնի արատավոր պրակտիկան, ապա անխուսափելիորեն տեղի կունենա մեր ազգի գիտական հնարավորությունների դեգրադացում: Զգոնություն է պահանջում որոշ անձանց ձգտումը կոռուպցիայի դեմ պայքարի քողի տակ կազմալուծել ԲՈՀ-ը` գիտական որակավորման ասպարեզում իրենց դրամաշորթությունն անվերահսկելի դարձնելու նպատակով:
Հույս ունեմ, որ ասպիրանտական պատրաստման, գիտական կադրերի ատեստավորման և գիտական աստիճանների շնորհման բնագավառում կոռուպցիայի դեմ պայքարը կհանգեցնի որակավորման գիտականորեն հիմնավորված ու խստիվ սահմանված ստանդարտների ներմուծմանը:
Մի քանի խոսք անվտանգության քաղաքագիտության բնագավառում կատարվող ռազմավարական հետազոտությունների մասին: Ազգային անվտանգության ռազմավարության միջգերատեսչական մշակումը, որը կատարվել էր հանրապետության ներկայիս Նախագահ պարոն Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, ստեղծեց հիմքեր անվտանգային քաղաքագիտության դպրոցի ձևավորման համար: Հարկ է նշել, որ առաջին քայլերն են արվում ռազմավարական հետազոտությունների բնագավառի ձևավորման ուղղությամբ: Մեկնարկել է պետական հաստատությունների ակտիվ գործունեությունը` Նախագահին առընթեր Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում, «Նորավանք» հիմնադրամում, Դրո հաստատությունում: Այդ համատեքստում պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, Հայաստանի ԲՈՀ-ի հետ պայմանավորվածությամբ, մշակել է մեր հանրապետության համար նոր մասնագիտության գիտական վկայագիր, որի ամերիկյան համարժեքն է որակավորումը: Ծավալվում է մեր ինստիտուտի մասնագիտական համագործակցությունը անվտանգային քաղաքագիտության այնպիսի առաջատար կենտրոնների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանը և Պաշտպանական Ազգային համալսարանը, Ռազմավարական անվտանգային հետազոտությունների` Ջորջ Մարշալի անվան եվրոպական կենտրոնը: Պետք է հուսալ, որ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետհամալսարանի, Կրթության և գիտության նախարարության, ԲՈՀ-ի «Նորավանք» հաստատության հետ մեր համագործակցությունը հնարավորություն կտա հաղթահարելու այն հավակնոտ, սակայն ինքնուս և սիրողական տարրերը, որոնք Հայաստանում բնորոշ են գիտելիքի այնպիսի կարևոր մարզին, ինչպիսին է ազգային անվտանգության բնագավառի ռազմավարական հետազոտությունների քաղաքագիտությունը:
Ավարտելով ելույթս` ուզում եմ նշել տվյալ լսումների կարևորությունը` ակնկալելով, որ Ազգային ժողովում տեղի ունեցող այս քննարկումը չի դառնա ժամանակի հերթական անպտուղ վատնում, այլ լուրջ ազդակ կտա հայ ժողովրդի ազգային անվտանգության կենսականորեն կարևոր արժեք ներկայացնող գիտության և կրթության զարգացման ռազմավարական խնդիրների լուծմանը: