Ս.Օհանյանն ընդունեց հայազգի լեգենդ Յու.Վարդանյանին
18 Նոյեմբերի, 2008 00:00Ս.թ. նոյեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց աշխարհահռչակ ծանրորդ, ծանրամարտի օլիմպիական չեմպիոն, ռեկորդակիր, հայազգի լեգենդ Յուրի Վարդանյանին:
Նախարարը նախ ողջունեց հայ ազգի պանծալի զավակին` նշելով, որ վերջինիս բարձր ոգու օրինակով ոգևորվել և դաստիարակվել է մի ամբողջ սերունդ:
Ապա Ս.Օհանյանը խոսեց բանակի կազմավորման առանձնահատկությունների, ներկա վիճակի, ՀՀ պաշտպանության համակարգում իրականացվող բարեփոխումների, հեռանկարների և արձանագրված առաջընթացների մասին:
Յու.Վարդանյանն իր հերթին խոստացավ վերադառնալուն պես հանդիպել սփյուռքի ներկայացուցիչների հետ և նրանց մանրամասը ներկայացնել բանակի իրական պատկերը` պատմելով նաև այս ջերմ ընդունելության մասին:
Հանդիպման վերջում ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը Յուրի Վարդանյանին նվիրեց խորհրդանշական սուր, որի վրա մակագրված էր.
«Հայ սպորտի կենդանի լեգենդ Յուրի Վարդանյանին:
Հայ քաջազունին` որպես առասպելական ուժ ու հզորություն մարմնավորող կերպարի` ամենաանկեղծ մաղթանքներով և մեծագույն հարգանքով: ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյան»