Հանդիպում Գևորգյան հոգևոր ճեմարանում
26 Նոյեմբերի, 2008 00:00Ս.թ. նոյեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կոմիտասի անվան դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ-պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության նախագծի Միջգերատեսչական մշակման գիտական ղեկավար, ք.գ.դ., գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանի հանդիպումը ճեմարանի տեսչության անդամների և սաների հետ:
Գեներալ-մայոր Հ.Քոթանջյանը համակարգչային լուսապատկերման միջոցով բովանդակալից կերպով ներկայացրեց ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մշակման ամբողջ գործընթացը: Հայաստան–ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» արդյունավետ իրագործման շրջանակներում, Հայաստանի անվտանգության ռազմավարության մշակումը երկրի պաշտպանական համակարգի բարեփոխմանն ու կատարելագործմանն ուղղված էական քայլ էր, որի նախաձեռնողն ու անմիջական ղեկավարը ժամանակին` ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար, ներկայումս` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն էր:
«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ուղենիշները» վերնագրով նրա զեկուցումը Մոսկվայում, Վաշինգտոնում և Բրյուսելում կայացած մեթոդաբանական փորձաքննության արդյունքներով երաշխավորվեց որպես ազգային անվտանգության ռազմավարության միջգերատեսչական մշակման հիմք: Ստեղծվեց Միջգերատեսչական հանձնաժողով, որը նախագահում էր Սերժ Սարգսյանը: Հանձնաժողովը, օգտագործելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի անվտանգության դպրոցների առաջադիմական մեթոդաբանական նվաճումները, մշակեց Հայաստանի անվտանգ ու կայուն զարգացման` իր բովանդակությամբ ազգային, ռազմավարությունը: Դոկտոր Քոթանջյանն իր խոսքում մասնավորապես նշեց, որ Միջգերատեսչական մշակման արդյունքն հաջողությամբ փորձաքննության ենթարկվեց ԱՄՆ-ի Պաշտպանական համալսարանի Ռազմական քոլեջի ակադեմիական կոմիտեի, ՆԱՏՕ-ի արտաքին խորհրդատվական խմբի և Ռուսաստանի նախագահին առընթեր Պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի կողմից, ինչպես նաև մեր հանրապետությունում պետհամալսարանի գիտխորհրդի և ԳԱԱ-ի նախագահության նիստերում ու ԱԺ-ում կայացած քննարկումներում: Փորձագիտական այս ձևաչափի ընտրությունը հնարավորություն տվեց արդյունավետ կերպով օգտագործել տարբեր երկրների փորձն ու ապահովել ռուսական և ամերիկյան մեթոդաբանական համատեղելիությունը:
Ներկայացնելով Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ստեղծման ու կայացման պատմությունը` գեներալ-մայոր Քոթանջյանը նշեց, որ ԱՄՆ-ում իր ստաժավորման ծրագրում ժամանակին ներառվեց Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի նախագծի մշակումը ԱՄՆ-ի պաշտպանական համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների մայր ինստիտուտում: Նախագիծն հաջողությամբ իրագործվեց: Հետագայում ինստիտուտը կատարեց Միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարության դերը:
Իր ելույթի ընթացքում Հայկ Քոթանջյանը գոհունակությամբ շեշտեց նաև Մայր Աթոռի սերտ համագործակցությունը Միջգերատեսչական հանձնաժողովի հետ, ինչը նպաստեց հոգևոր անվտանգության հարցի լիարժեք քննարկմանն ու արծարծմանը փաստաթղթում: Նա նաև կարևորեց դահլիճում ներկա գտնվող ապագա հոգևորականների` որպես հոգևոր սպասավորների, պատասխանատու դերը նաև բանակում:
Հանդիպման վերջում հնչեցին հարցեր ռազմավարության մշակման մեթոդաբանության ու հոգևոր անվտանգության խնդիրների վերաբերյալ: Ճեմարանի սաները նշեցին, որ կարողացան մանրամասն պատկերացում կազմել մեր երկրի պետական կարևորության փաստաթղթի բովանդակության վերաբերյալ և ստանալ իրենց հուզող որոշ հարցերի պատասխանները:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ ներկայումս ընթացող պաշտպանական բարեփոխումների համատեքստում կարևորելով բանակ-եկեղեցի սերտ կապը` մասնակիցները հույս հայտնեցին, որ զինվորականների հետ այսօրինակ հանդիպումները կկրեն պարբերական բնույթ: